ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հանդես է հայտարարությամբ, որում անդրադարձել է թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկ Արտավազդ Սահակյանի բարձրացրած այն թեմային, համաձայն որի, Սահակյանին 2017թվականից սկսած առաջարկել են լքել զբաղեցրած տարածքը։
«Գրեթե 2 օր լուռ ու զուսպ հետևում եմ, թե ինչպես են փորձում շահարկել անշահարկելին, և այսպես մեկընդմիշտ դաջենք հետևյալը`
• Զինվորի տունը պարծանք է, և վերջ,
• Զինվորի տունն ազգային արժեք է, և վերջ,
• Զինվորի տունը լավագույնն է, և վերջ…
Իրական մտահոգ մարդկանց տեղեկացնեմ, Արտավազդ Սահակյանն աշխատել ու աշխատելու է բժշկական համալսարանում և արժանավայել պայմաններում:
Տեղեկացնեմ, որ Աբովյան 58 շենքի ձախակողմյան շենքի վերանորոգման աշխատանքները սկսվելու են և տվյալ տարածքում գործող բաժանմունքը, որը ղեկավարում է Արտավազդ Սահակյանը, ժամանակավորապես տեղափոխվելու է այլ տարածք՝ այս որոշումը կայացված է և փոփոխման ենթակա չէ: Վերանորոգումից հետո բաժանմունքը նույն սկզբունքներով կշարունակի իր գործունեությունը` Աբովյան 58 հասցեում:
Արտավազդ Սահակյանին, բազմիցս, առաջարկվել է, թե՛ Հերացի և թե՛ Միքայելյան հիվանդանոցներում ժամանակավորապես ծավալել կլինիկական գործունեությունը մինչև Աբովյան 58 շենքի վերանորոգման ավարտը:
Եվ վերջում, թշնամին մեր երկրի սահմանին է, երկրի ներսում բանսարկություններով, անազնիվ քայլերով և քաղաքական շահարկումներով զբաղվելու շռայլություն չունենք:
Ի գործ», - նշել է Մուրադյանը։
--0--ԿԿ