ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News
Այսօր Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի մոտ տեղի է ունեցել անտառային հողերի՝ օրենքով սահմանված նպատակներով օգտագործման տալու կարգի և վարձավճարների, ինչպես նաև անտառային ծառայություն ստեղծելու վերաբերյալ խորհրդակցություն։ Այս մասին հայտնում են ՇՄ նախարարությունից:
Խորհրդակցությանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Գ․ Գուլյանը, ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Ա․ Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պ․ Ցուգունյանը, մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Քննարկվել է անտառային հողերը իրավաբանական և ֆիզիկական անձանց վարձակալության տալու պայմանները, իրավական կարգավորումները,ինչպես նաև բնապահպանական, սանիտարական նորմերի խստագույն պահպանման անհրաժեշտությունը։
Անտառային հողերի օգտագործման համար սահմանվելու են հստակ չափորոշիչներ, որոնց բավարարելու դեպքում միայն տնտեսվարողը կարող է կնքել վարձակալության պայմանագիր։
Նախատեսվում է մոտ ապագայում Անտառային կոմիտեի կազմում ստեղծել արագ արձագանքման խումբ,որը ըստ անհրաժեշտության անտառային հողերում շաբաթվա բոլոր օրերին 24-ժամյա պատշաճ հսկողություն կիրականացնի։
Նախարարի պաշտոնակատարը գործընկերների հետ քննարկել է ծառայության ստեղծման մանրամասները և հայտնել իր ակնկալիքները ծառայությունից․ այն պետք է օժտված լինի անտառների պահպանությունը իրականացնելու ամբողջական գործիքակազմով և լիարժեք իրացնի իրեն տրված մանդատը։
Ծառայությունը միտված է մի շարք այլ գերատեսչությունների և իրավապահ մարմինների սերտ փոխգործակցությամբ հսկողություն իրականացնելու նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի՝ ծառայությունների պատշաճ կատարման նկատմամբ և իր գործունեությամբ նպաստելու անտառային պաշարների արդյունավետ օգտագործման և կայուն կառավարման պետական ծրագրերի իրականացմանը։
--00--ԱԹ