ՇՄՆ-ի և Համաշխարհային բանկի միջև առկա է արդյունավետ համագործակցության նշանակալի փորձ․ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

332222464_533989778604073_8995622543363759770_n

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է  Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։

Ողջունելով գործընկերներին, նախարար Հակոբ Սիմիդյանը շնորհավորել է պարոն Վահբային Հայաստան կատարած առաջին այցի առթիվ և փաստել, որ Շրջակա միջավայրի նախարարության և Համաշխարհային բանկի միջև առկա է արդյունավետ համագործակցության նշանակալի փորձ։

«Շատ ուրախ ենք, որ Համաշխարհային բանկի հետ համագործակցության օրակարգում շրջակա միջավայրին վերաբերող հարցերը սկսել են առանցքային և կարևոր դերակատարում ունենալ»,-նշել է նախարարը և հույս հայտնել շարունակական կառուցողական փոխգործակցության։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքին և «Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին։ Պարոն Վահբայը բարձր է գնահատել  Հայաստանի պատրաստակամությունը տնտեսական զարգացմանը զուգահեռ խթանել նաև բնապահպանության ոլորտի օրենսդրության բարելավումը։

Քննարկվել է ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Նախարարը գործընկերներին տեղեկացրել է, որ այժմ ընթացքի մեջ են շրջակա միջավայրի ոլորտային ռազմավարության մշակման աշխատանքները և որ այդ կարևորագույն գործընթացի ավարտին կուրվագծվեն ոլորտում առկա խնդիրների հստակ շրջանակը և դրանց լուծումների ուղիները։

Անդրադարձ է կատարվել «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակ ծրագրին, որն իրականացվում է Կլիմայի աջակցության հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Հարթակի նպատակն է աջակցել և խթանել Հայաստանի «կանաչ» վերականգնումն ու փոխակերպումը։ Հանդիպման ընթացքում ծավալված քննարկումների արդյունքում ձևավորվել է հարթակի հաջորդ նիստի օրակարգը։

Քննարկվել է «Հայաստանի ինտեգրված դիմակայուն էկոհամակարգերի բարելավման ծրագիրը»․ ներկայոմս մեկնարկել են նախագծային  հայտի մշակման աշխատանքները։

Առանձնահատուկ քննարկման է արժանացել կոշտ թափոնների կառավարման ոլորտը։

Նախարարը ներկայացրել է ոլորտի կարգավորմանն ուղղված օրենսդրական բարեփոխումները և առաջարկել էլ ավելի սերտ համագործակցել արտադրության ընթացում հումքի և էներգիայի ռացիոնալ օգտագործման և շրջանաձև տնտեսության աջակցման, ՀՀ օրենսդրության ԵՄ համապատասխան օրենսդրության հետ համադրման, ինչպես նաև կրկնակի օգտագործման կամ վերաօգտագործման, վերամշակման, վերականգնման և օգտահանման ենթակա թափոնների տեսակավորված հավաքման մեխանիզմների ՀՀ-ում ներդրման հնարավորությունների շրջանակում։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են նմանատիպ հանդիպումները դարձնել պարբերական և աշխատանքային քննարկումների միջոցով ընթացք տալ ձեռք բերված պայմանավորվածություններին։

--00—ՅՄ