Ադրբեջանը պահանջելու է շտապ դեմարկացիա նաև «Լաչինի միջանցքի» ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ քննարկվում է այսպես կոչված դելիմիտացիայի և դեմարկացիայի խնդիրը Հայաստանի և օկուպանտ Ադրբեջանի միջև, բացի այդ գործընթացի ակնհայտ վտանգավոր և կասկածելի բնույթից, չգիտես ինչու, անտեսվում է մի հանգամանք, որն իրականում այդ գործընթացը դարձնում է մեզ համար վճռորոշ՝ ապագայում Արցախի Հանրապետության շուրջ գործընթացների կոնտեքստում։

Ես հիմա չեմ խոսի ընդհանրապես դեմարկացիայի անընդունելիության մասին Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի ներքո, պարզապես եկեք միասին հասկանանք մի հանգամանք։

Տեսեք, դեմարկացիան ենթադրում է սահմանների վերջնական ճշգրտում և պետությունների տարածքային ամբողջականության ճանաչում։ Այսինքն, եթե այդ գործընթացը մեկնարկի, ապա, համոզված եմ, որ ադրբեջանական կողմը հիմնական ճնշումը գործադրելու է Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մասով։

Սյունիքի մասով, բացի հայտնի «վիճելի» տարածքներից (իսկ իրականում ոչ էլ վիճելի, այլ ադրբեջանցիների կողմից ուղիղ օկուպացված, Գորիս-Կապան ճանապարհի ոդիսականը՝ ձեզ օրինակ) ադրբեջանցիները պահանջելու են շտապ դեմարկացիա անցկացնել այսպես կոչված «Լաչինի միջանցքի» ուղղությամբ։

Ինչո՞ւ։

Շատ հստակ է, որ երբ հայկական կողմն ընդունի այդ հատվածը՝ որպես Ադրբեջանի սահման, ապա փաշինյանական իշխանությունները ավտոմատ կերպով, կամովին և քաղաքական առումով տարանջատելու են լոգիստիկ կապը Արցախ - Հայաստան ուղղությամբ և փաստացի ընդունելու են, որ արցախյան հիմնախնդիրը տեղափոխվում է Ադրբեջանի ներքին խնդիրների տիրույթ։

Պարզ ասած՝ «Լաչինի» ուղղությամբ դեմարկացիան իսպառ կոչնչացնի Արցախի Հանրապետության բոլոր հնարավորությունները՝ հետագայում ստանալու անկախություն և, հաշվի առնելով Հայաստանի ներկա իշխանության լռությունը Արցախի Հանրապետության անկախության գործընթացի շուրջ, կարծում եմ, որ Արցախի իսպառ ոչնչացումը այսօր առավել, քան իրատեսական է»։,

--00--ԱԹ