ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
Նոյեմբերի 8-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմանում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» թաղամասի (ժողովրդին հայտնի 4-րդ գյուղ) Նորիկի փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել, գրում է shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները երկհարկանի տան առաջին հարկում գտնվող խոհանոցում բերանքսիվայր հայտնաբերել են տղամարդու դի, հատակին և պատերին արնանման հետքեր, մի քանի արյունոտված դանակ, կոտրված սպասք ու խոհանոցային պարագաներ:
Դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ մահացածի վրա կան սուր կտրող-ծակող առարկայի հարվածի մի քանի հետքեր: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Կոտայքի մարզի բնակիչ, 36-ամյա Ա. Սիմոնյանն էր:
Նշված վայրից Երևանի գնդի պարեկները ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել նույն տան բնակիչ, 22-ամյա Մ. Հակոբյանին, ով կասկածվում է սպանություն կատարելու մեջ: Նրա հագուստի և դեմքին վրա կային արնանման հետքեր:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի (սպանություն մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով:
Սպանվածը նախկինում սպանության համար եղել է դատապարտված և վերջերս է դատարանի որոշմամբ ազատ արձակվել:
--00—ԼՄ