ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24 News
ԵՊԲՀ-ում կբացվի Առողջապահության ծրագրերի գիտահետազոտական կենտրոն: Այս մասին հայտնում են բուհից՝ նշելով.
Առանցքային նշանակություն ունի որակյալ փորձագիտական խորհրդատվությունը, որը տրամադրվում է ոլորտի փորձագետների կողմից: Վերջինները, որպես կանոն, հանդիսանում են առաջատար կրթահամալրների աշխատակիցներ և հաճախ միավորված են համալսարանների կազմում գործող առողջապահական ծրագրերին աջակցություն ցուցաբերող կենտրոններում: Մասնավորապես, նման կենտրոններ հաջողությամբ գործում են, օրինակ՝ Լոս Աջելեսի Կալիֆորնիայի, Ջորջ Վաշինգտոնի, Կոլումբիայի և բազմաթիվ այլ համալսարաններում:
ԵՊԲՀ Առողջապահության քաղաքականության (ծրագրերի) գիտահետազոտական կենտրոնի ստեղծման նպատակն է առավել արդյունավետ դարձնել գործնական առողջապահության և գիտական հատվածի կապը, աջակցել առողջապահության բնագավառի որոշումների արյունավետության բարելավմանը՝ հայաստանյան և միջազգային լավագույն փորձի համադրության արդյունքում, ձևավորել ու ապացուցողական հենքի վրա ձևավորել ԵՊԲՀ միասնական դիրքորոշումն առողջապահությանն առնչվող հարցերի վերաբերյալ:
Կենտրոնը կունենա առնվազն հետևյալ գորառույթները.
- Առողջապահության բնագավառում պետական քաղաքականության մշակման, իրագործման, արդյունքների գնահատման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում.
- Իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ մասնագիտական դիրքորոշման տրամադրում՝ պետական կառավարման մարմիններին (ՀՀ ԱԺ, ՀՀ կառավարություն, քաղաքականություն մշակող գերատեսչություններ).
- Ընթացիկ, արդի և հանրային հետաքրքրություն ներկայացնող առողջապահական հիմնահարցերի մշտադիտարկման, վերլուծության, կանխատեսումների իրականացում և ազդեցության գնահատականի մշակում.
- Առողջապահության ոլորտի լայն շրջանակի (մարդկային ներուժի զարգացում, ֆինանսավորում, ծառայությունների մատուցում, բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավում և այլն) հայեցակարգերի, ռազմավարությունների, միջոցառումների ծրագրերի մշակում.
- Այլ միջազգային համալսարանների նմանատիպ կառույցների հետ համագործակցության հարթակների ստեղծում.
- Ոլորտային քննարկումների կայուն հարթակի ստեղծում և տրամադրում.
- Բժշկական հաստատությունների, բժշկական հաստատությունների ցանցերի զարգացման ծրագրերի մշակմանն խորհրդատվական ծառայությունների իրականացում:
- Շահագրգիռ կողմերի պատվերով գիտական հետազոտությունների, թիրախային սոցիոլոգիական հարցումների իրականացնում:
--00—ՄՀ