ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Դատախազությունը դատավոր Բախշիյանի կայացրած որոշման ակտի վերաբերյալ կամայական գնահատականների հիման վրա ԲԴԽ-ից ստացել է դատավորին կալանավորելու համաձայնություն։ Այս մասին 24News-ին ասաց դատավորի փաստաբան Արսեն Սարդարյանը։
Հունվարի 31-ին ԲԴԽ-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էին երկու միջնորդություններ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։ Խորհուրդը միաձայն որոշել էր ներկայացված երկու միջնորդությունները բավարարել։
Բախշիյանի փաստաբանի խոսքերով՝ սա ակնհայտ միջամտութուն է դատական գործունեության նկատամամբ։ «Որովհետև դատավորն օրենքի հիման վրա կայացրել է որոշում, այն եղել է պատճառաբանված, հիմնավոր, այդ որոշումը չի բողոքարկվել դատախազության կողմից։ Եվ նման պայմաններում այդ որոշումն ակնհայտ ապօրինի կալանավորում գնահատելը և դատավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսելը ոչ այլ ինչ է, քան անօրինական միջամտություն նրա գործունեության նկատմամբ»։
2021 թվականի դեկտեմբերի 3-ին կայացված կալանավորման որոշումը վերաբերում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքը խարդախությամբ հափշտակելուն և Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու ենթադրյալ դեպքին և այլ արարքներին վերաբերող գործին: Համաձայն դատախազության մեկնաբանության՝ այս գործով դատավոր Բախշիյանն ապօրինի կալանավորել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով անցնող ամբաստանյալ Նվեր Մկրտչյանին, ով Քաջարանի համայնքապետի դեմ ցուցմունք տված անձն է:
«Կալանավորման որոշումը կայացվել է դատավորի կողմից, իր վարույթում եղած քրեական գործով կային 6-7 մեղադրյալ, այդ մեղադրյալներից մեկը դատական նիստին առանց հարգելի պատճառների չի ներկայացել, և խախտել է իր նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին։ Եվ դատավորը դրա հիման վրա կատարել է իր օրենսդրական պարտականությունը՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց է կիրառել։ Հետո կալանավորման որոշումը չի բողոքարկվել դատախազության կողմից, մնացել է օրինական ուժի մեջ, բողոքարկման ժամկետներն անցել են, ընդհանուր 2 ամիս է անցել։ 2 ամիս անց հանկարծակի դատախազությունն այդ ակտը գնահատել է ապօրինի», - ընդգծեց Արսեն Սարդարյանը։
Ըստ նրա՝ դատախազության այսպիսի քայլով դատավորի կողմից ինքնուրույն որոշումներ կայացնելու սահմանադրական երաշխիքները ոտնահարվում է, և սա ակնհայտ ազդակ է, որ դատախազությանը հակառակ որոշումներ չկայացվեն։ 24News-ի հետ զրույցի ժամանակ Սարդարյանն ասաց, որ դատավոր Բորիս Բախշիյանը դեռևս չի ձերբակալվել, սպասում են ԱԱԾ քննիչի զանգին՝ ԱԱԾ գնալու համար։ «Սպասում է, որ մեղադրանք առաջադրեն և տանեն դատարան կալանավորման», - եզրափակեց դատավորի պաշտպանը։
Հունվարի 26-ին Բորիս Բախշիյանի որոշմամբ՝ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ) կալանքից ազատ էր արձակվել: ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը բացառել էր, որ ԲԴԽ-ի համաձայնություն տալը պայմանավորված է Աշոտ Մինասյանին ազատ արձակելու որոշման հետ։
--00--ԿԿ