ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ըստ տարածված հաղորդագրության՝ կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Բայրամովը Դոնֆրիդին է փոխանցել Ադրբեջանի դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, այդ թվում՝ հաղորդակցությունների բացման, սահմանազատման և ապագայում խաղաղության պայմանագրի կնքման, ինչպես նաև այդ ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին:
Ամերիկացի պաշտոնյան իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումը Թբիլիսիում և ընդգծել է ուղիղ շփումների շարունակության կարևորությունը:
Ավելի վաղ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց էր տեղի ունեցել նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի միջև։ Կողմերը քննարկել էին տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ էր եղել տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների և տնտեսական կապերի ապաշրջափակման գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների աշխատանքներին։
--00—ԼՄ