ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Հայ բռնցքամարտիկները երկու ոսկե մեդալ են նվաճել Իտալիայում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում: Հայ մարզիկներից նախ պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել 46 կգ քաշային Վաղարշակ Քեյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Ամբողջ մրցաշարի ընթացքում շատ վստահ հանդես եկած հայ մարզիկը եզրափակչում մրցել է Անգլիան ներկայացնող Ջոն Թոմասի հետ: Թեպետ մասնագետները մրցակցին ֆավորիտ էին համարում, բայց հայ մարզիկը ռինգ է դուրս եկել հաղթանակի մեծ ցանկությամբ, և առաջին իսկ ռաունդում ցույց է տվել, որ ոսկե մեդալը Հայաստանինն է:
Վստահ գործողությունների ու ավելի շատ հարվածների շնորհիվ առաջին ռաունդը մեր մարզիկը հաղթել է 5:0 հաշվով: 2-րդ ում Քեյանը զարգացրել է հաջողությունը ու կրկին 5:0: 3-րդ ռաունդում մեր մարզիկը գործել է արդեն հաղթողի կարգավիճակում ու գրագետ մարտավարությամբ մենամարտը հասցրել հաղթական ավարտի:
Հայաստանի երկրորդ ոսկին նվաճել է Էրիկ Առստամյանը՝ փառահեղ հաղթանակ տոնելով ֆավորիտի կարգավիճակով ռինգ մտած անգլիացի Սթիվեն Լինգտոնի նկատմամբ: Առաջին ռաունդում անգլիացին տեխնիկապես ավելի գրագետ է գործել ու հնարամիտ գործողություններով 4:1 հաշվով շահել ռաունդը, բայց Էրիկը չի ընկճվել: Մեր մարզիկը 2-րդ ռաունդում նետվել է գրոհի ու մրցակցին շնչելու հնարավորություն չի տվել: Գրանցվել է 3:2:
Զգալով մրցակցի թույլ կողմերը՝ արցախցի մարզիկը 3-րդ՝ վճռորոշ ռաունդում ավելացրել է տեմպն ու հաղթելով անգլիացուն՝ նվաճել Հայաստանի 2-րդ ոսկին: Հայաստանը մոտ է նաև թիմային հաշվարկում առաջինը լինելուն:
--00—ԶՀ