ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին և Հայկական Կարմիր խաչի ընկերության Գեղարքունիքի մարզի նախագահ Մակիչ Մնացականյանին։
Հանդիպման սկզբում Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրենը խոսել է այն ծրագրերի մասին, որոնք իրականացվել են Գեղարքունիքի մարզում՝ միայնակ, առավել խոցելի տարեցների, հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի, տուբերկուլյոզով հիվանդների, այլ խոցելի խմբերի, Ղարաբաղյան հակամարտության սրացման և 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված անձանց և տուժած բնակավայրերի համար։
2022 թվականի սեպտեմբերի 13-ից մինչ օրս Գեղարքունիքի մարզում տրամադրվել է 622 միավոր մարդասիրական օգնություն՝ սննդի, հիգիենիկ պարագաների, հագուստի, առաջին օգնության պարագաների, կենցաղային և խոհանոցային իրերի, գրենական պիտույքների, մահճակալների և անկողնային պարագաների, առաջին հոգեբանական աջակցության տեսքով։
Մարզպետն առանձնացրել է այն խնդիրներն ու առկա կարիքները, որոնք ծառացել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հրետակոծված բնակավայերի և բնակչության առջև։
«Հայկական Կարմիր խաչը սերտորեն համագործակցում է Գեղարքունիքի մարզպետարանի, մարզի տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ գնահատումների արդյունքում ձևավորվող խիստ կարիքի վրա հիմնված աջակցություն տրամադրելու և ծրագրեր իրագործելու համար», - նշել է Սարգսյանը։
--00—ԱՊ