ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News
«Եկել եմ ասեմ, որ նոյեմբերի 5-ի ծառատունկը «քաղաքականացնելը»՝ պնդելով, թե դրա նպատակը նախանշված հանրահավաքին խանգարելն է, առնվազն անլուրջ է»: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Լևոն Սարդարյանը՝ բացատրելով.
«Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանը նոյեմբերի 5-ի ծառատունկը նախատեսել և դրան նախապատրաստել է դեռ այն ժամանակ, երբ բավական շոգ էր և մեր հարգելի ընդդիմությունը հանրահավաք անելու որևէ մտադրություն չուներ (մեկնաբանությունների բաժնում կտեղադրեմ Երևանի քաղաքապետարանի Լրատվության վարչության պատրաստած տեսանյութը, որը հրապարակվել է դեռևս հոկտեմբերի 13-ին): Ինչ վերաբերում է բուն օրվան, ապա ուղղակի տեղեկացնեմ, որ նոյեմբերի 5-ը ծառատունկի համաշխարհային օրն է և, հետևաբար, բոլոր հարցերն ուղղել ՄԱԿ-ի Գլխավոր ասաբլեային: Վստահ եմ՝ կպատասխանեն: Սա՝ մեկ:
Երկրորդ: Ծառատունկը, որին սիրով հրավիրում ենք բոլորին, մեկնարկելու է առավոտյան 10.30-ին՝ այն դեպքում, երբ ընդդիմության մեր հարգարժան գործընկերները քաղաքապետարանին տեղեկացրել են, որ Ֆրանսիայի հրապարակում շտապ հավաքը տեղի է ունենալու 15.00-21.00 ընկած ժամանակահատվածում:
Եվ երրորդ՝ բարի աշխատանքային օր բոլորիս»:
Հիշեցնենք՝ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել է, որ նոյեմբերի 5-ին հրավիրվում է մեծ հանրահավաք՝ ի աջակցություն Արցախում օրեր առաջ հրչավիրված հանրահավաքի: Երեկ մամուլում տարբեր հրապարակումներ արվեցին այն մասին, որ քաղաքապետարանը դիտավորյալ է որպես ծառատունկի օր ընտրել նոյեմբերի 5-ը՝ ուշադրություն շեղելու համար ընդդիմության հանրահավաքից:
--00--ԱՀ