ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
Հայաստանի համար Հաագայի դատարանի որոշումը դեկլարատիվ բնույթի հաղթանակ է, քանի որ ինչպես նախկին փորձն է ցույց տալիս, Ադրբեջանը չի կատարի դրանք։ Այս մասին 24News-ին ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության արդարադատության միջազգային (Հաագայի) դատարանի որոշումներին։
Մելոյանը նշեց, որ որոշումները չկատարելու համար Ադրբեջանի հարցը կարող է քննարկվել ՄԱԿ անվտանգության խորհրդում, Ադրբեջանի նկատմամբ կարող են սանկցիաներ կիրառվել․ «Բայց խնդիրն այն է, որ ինչպես Ադրբեջանը չի պատրաստվում կատարել այս որոշումները, այնպես էլ միջազգային ատյաններն իրենց հերթին, անկախ նրանից, որ ընդունում են նմանատիպ որոշումների առկայությունը (արձանագրում են Հայաստանի արդարացի պահանջները, պարտավորեցնում են Ադրբեջանին որոշակի գործողություններից ձեռնպահ մնալ կամ որոշակի գործողություններ կատարել), Ադրբեջանի պարտավորությունների չկատարման հանգամանքին պատշաճ արձագանք չեն տալիս»։
«Կարելի էր ակնկալել, որ նույն այդ միջազգային մարմիններն իրենց հեղիանակությունը պահպանելու տեսանկյունից շահագրգռված կլինեին որոշումների կատարումն ապահովել։ Բայց Ադրբեջանը չի խորշում դրանց կատարումից, այնպես էլ միջագային հանրությունը «տարօրինակորեն» որևէ մեխանիզմ չի բանացնում դրանց կատարման ուղղությամբ, օրինակ՝ տարրական սանկցիա կիրառելը»,- ընդգծեց Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավարը։
Ըստ Մելոյանի՝ սպասելի էր, որ Բաքուն իր մեղքը չէր ընդունելու, ինքնաարդարացման քաղաքական և դիվանագիտական աշխատանքներ էր տանելու․ «Ինչը շատ լավ հաջողվում է հատկապես վերջին տարիներին՝ օգտվելով Հայաստանի պասիվ և կրավորական դիվանագիտական կեցվածքից։ Հավանականությունը մեծ է, որ սա հերթական տիտղոսային, դեկլարատիվ որոշումն է։ Այո, թղթի վրա հայկական կողմի իրավացիությունը հաստատվում է, բայց Ադրբեջանը հերթական անգամ ուղղակիորոն խուսափելու է Հաագայի դատարանի որոշումները կատարելուց։ Տեսնենք՝ արդյոք միջազգային կառույցները՝ ի դեմս ՄԱԿ-ի, որևէ սանկցիոն մեխանիզմ կկիրառե՞ն գոնե այս դեպքում։ Ես այդքան էլ լիահույս չեմ»։
«ՄԱԿ-ի դատարանի որոշումների ընդհանրական ձևակերպումն այն է, որ պետք է բացվի միջանցքի փակված հատվածը, որպեսզի կոմունիկացիաների աշխատանքն ապահովվի։ Այո, առկա է արհեստականորեն փակում։ ՄԱԿ դատարանի ձևակերպումից էլ հետևում է, որ արհեստական փակումը խոչընդոտում է տեղաշարժին»,- եզրափակեց իրավաբանը։
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ