ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
Երեկ տարածվեց Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի ելույթն առ այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները վերահաստատել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թ-ի Ալմաթիի հռչակագրին, և՛ Հայաստանի (29,800 կմ2) և՛ Ադրբեջանի (86,600 կմ2) համապատասխան տարածքային ամբողջականությանը, իսկ սահմանի վերջնական սահմանազատումը կհամաձայնեցվի բանակցությունների միջոցով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ ավելացնելով․
«Վերոգրյալից բխում է, որ Հայաստանի ղեկավարը՝
ուրանալով հայ ժողովրդի տասնամյակների արյունալի արդար պայքարը, խախտելով հայոց պետականության հիմնարար իրավական փաստաթղթերը՝ ամփոփում է Արցախի Հանրապետության գոյության հիմքերի վերացման փուլը՝ ճանաչելով այն Ադրբեջանի կազմում։
Ի՞նչ տեղի կունենար, եթե մենք ապրեինք իրավական պետության պայմաններում.
1. Կնախաձեռնվեր քրեական վարույթ առնվազ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ՝ «Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը» վերտառությամբ հոդվածով։
2. Խորհրդարանում կմեկնարկեր վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։
Ի վերջո, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշել էր՝ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։ Եվ այս որոշումն ուժի մեջ է»։
--00—ՅՄ