ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն իր իսկ ստանձնած պարտավորությամբ Ռուսաստանի Դաշնությունն է։ Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ԼՂ-ում կա նաև Պաշտպանության բանակ․ եթե Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հայության ցեղասպանության վտանգ չլինի, ԼՂ-ն առնվազն այդ մասշտաբով ՊԲ ունենալու կարիք չի ունենա»,-ասել է նա:
Հարցին՝ Արցախի ուղղությամբ հնարավոր էսկալացիայի դեպքում ՀՀ-ն ապահովելո՞ւ է Արցախի անվտանգությունը, Հայաստանը շարունակելո՞ւ է լինել Արցախի անվտանգության երաշխավորը, Փաշինյանը պատասխանել է․
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ինչո՞ւ ստորագրեցի: Մի շատ պարզ պատճառով՝ ընկալելով, որ այդ իրավիճակում ՀՀ-ն չի կարող, ձեզ հայտնի հանգամանքների բերում, լինել ԼՂ անվտանգության լիարժեք երաշխավոր: Եվ, հետևաբար, պետք էր ստեղծել մի համակարգ, որը կերաշխավորեր ԼՂ անվտանգությունը»:
Փաշինյանը նաև հիշեցրել է, որ եռակողմ հայտարարությամբ ու դրանից հետո ՌԴ Դաշնային խորհրդի կայացրած որոշմամբ «ՌԴ նախագահին թույլ է տվել զորքեր ուղարկել ԼՂ»՝ այդ կերպ արձանագրվել է, որ ԼՂ անվտանգության երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է։
«․․․Հայաստանը, ցավոք, 44-օրյա պատերազմի պարտության պատճառով չի կարող լիարժեք կատարել այդ գործառույթը: Եվ, հետևաբար, այդ բոլոր փաստարկներն ի մի բերելով՝ պետք է արձանագրենք, որ իր իսկ ստանձնած պարտավորությամբ ԼՂ անվտանգության երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է»,-ասել է նա:
Փաշինյանը նաև հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում կա Պաշտպանության բանակ, որը Ադրբեջանը փորձում է ներկայացնել որպես Հայաստանի բանակ, մինչդեռ, ըստ Փաշինյանի, ՀՀ-ն բանակ չունի Լեռնային Ղարաբաղում:
«Ադրբեջանը նաև փորձում է պնդել, թե ԼՂ պաշտպանության բանակը պետք է լուծարվի, գոյություն չունենա․․․
Եթե ԼՂ հայության ցեղասպանության վտանգ չլինի (ԼՂ-ում, այդ նեղ վիճակում միլիարդներ են ծախսում բանակը պահելու համար), առնվազն այդ մասշտաբով ՊԲ ունենալու կարիք չի լինի:
ԼՂ-ում ՊԲ-ի գոյությունն ամենամեծ ապացույցն են ցեղասպանության և էթնիկ զտումների նախապատրաստությունները»,-եզրափակել է վարչապետը:
--00—ԼՄ