ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News
ՀՀ քննչական կոմիտեն, փաստորեն, ոչ բոլոր հանրային հնչեղություն ունեցող գործերով է հանրությանն իրազեկում, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը․
Մասնավորապես, եթե մեղադրյալը ՔՊ–ական է, ապա քննչական կոմիտեն ու պետական ու իշխանական լրատվամիջոցներն այդ դեպքին չեն անդրադառնում։ Չեն անդրադառնում, քանի որ ՔՊ–ական մեղադրյալի գործը քննչականն ու դատախազությունն այնպիսի ապօրինություններով են քննել, որ ամեն կերպ դատարանին զրկել են արդարացի դատավճիռ կայացնելու հնարավորությունից,- նշել է նա։
«Արագածավան համայնքի հայտնի ՔՊ–ական Սուրո Թորոսյանի վերաբերյալ քրեական գործով աննախադեպ արագությամբ նախաքննությունն ավարտեցին, գործն՝ ափալ–թափալ ուղարկեցին դատարան, դե դատարանն էլ ընդամենը մեկ օրվա ընթացքում համ վարույթ ընդունեց համ էլ առաջին դատական նիստը նշանակեց։ Փաստացի քննչականն ու դատախազությունը ինձ, տուժողի լիազոր ներկայացուցչին, զրկեցին քննիչի և դատախազի գործողությունները բողոքարկելու հնարավորությունից։ Իսկ այդ գործողությունների անօրինականությունը քրեական գործի հենց երկրորդ էջից ակնհայտ է դառնում։
Վաղը, օգոստոսի 3–ին, ժամը 12:00–ին Թալինի դատարանում կայանալու է ՔՊ–ական Սուրո Թորոսյանի վերաբերյալ քրեական գործի առաջին նիստը։ Նիստը, բնականաբար, որևէ կերպ չեն լուսաբանելու Հանրային հեռուստաընկերությունն ու իշխանական լրատվամիջոցները։ Չեն լուսաբանելու, որպեսզի ստիպված չլինեն ցույց տալ, թե ինչպես է նախաքննության մարմինն ու դատախազությունը կատարել քաղաքական իշխանության հանձնարարությունները։ Թե ինչպես են առերևույթ սպանության փորձը դարձրել ընդամենը թեթև մարմնական վնասվածք հասցնելու մի ստից գործ։ Այդ ստից գործն էլ այնպես են քննել, որպեսզի երաշխավորվի ՔՊ–ականի արդարացումը։
Լրատվամիջոցներին հիշեցնում եմ, որ վաղը, օգոստոսի 3–ին, ժամը 12:00–ին Թալինի դատարանում կայանալու է ՔՊ–ական Սուրո Թորոսյանի վերաբերյալ քրեական գործի առաջին նիստը։ Հիշեցնում եմ, որ հետաքրքիր է լինելու»,- գրել է Բաբայանը։
--00—ՍՊ