Կալանավորված անձինք ՀՀ-ում մեծ թիվ են կազմում, միջազգային չափանիշների տեսանկյունից խնդրահարույց է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեն Բաքվի նկատմամբ կարևոր, եզրափակիչ դիտարկումներ է ընդունել, մտահոգություն է հայտնել էթնիկ հայ գերիների նկատմամբ խոշտանգումների վերաբերյալ տեղեկատվության մասով, ինչը չափազանց կարևոր որոշում է։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ 

Օմբուդսմենի համոզմամբ, խնդիրը պետք է քաղաքական հարթությունում կարողանալ լուծել՝ իրավական գործիքները ճիշտ կիրառելով։ Մանասյանը նշեց նաև, որ Բաքվում պահվող հայ գերիների թվերի մասին խոսելու իրավասություն չունի, անձնական կապ ունենալու հնարավորություն ևս չունեն, բայց այդ հարցով միջազգային գործընկերների հետ մշտապես զբաղվում են։ Խոսելով հունիսի 12-ին ԱԺ-ի դիմաց ոստիկանության գործողությունների մասին օմբուդսմենը նշեց, որ իր դիտարկումները ներկայացրել է այդ մասով. բռնության դեպքեր կան, որոնք շարունակական բնույթ են կրում։ 

Անահիտ Մանասյանը ընդգծեց, որ կարևոր է պարզել նաև հատուկ միջոց կիրառելու հիմքերը և համաչափությունը։ Այս հարցով ոստիկանություն է դիմել պարզելու, թե ի՞նչ հիմքով են համարել, որ կարիք կա հատուկ միջոց կիրառելու, և ինչու այդքան մեծ թվով քաղաքացիներ են վնասվածք ստացել, պատասխան դեռևս չկա։ 

«Կաշկանդված չեմ խոսել այն խնդիրների մասին, որոնց վերաբերյալ պետական մարմիններն այլ տեսակետ ունեն՝ կալանքի կիրառման, ոստիկանության անհամաչափ ուժի, խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի քննության հետ կապված։ Իմ կարևոր ձեռքբերումն եմ համարում, որ քաղաքական գործունեություն իրականացրած անձանց մասով կալանքի փոխարեն այլ խափանման միջոց ընտրվեց, քանի որ այս խնդրի մասին բարձրաձայնել եմ և հաղորդակցվել տարբեր մարմինների հետ, որն իր արդյունքն է տվել։ Նաև ԱԺ-ում իմ տարեկան հաղորդումը ներկայացնելիս խոսել եմ այն մասին, որ կալանքի տակ գտնվող անձինք ՀՀ-ում մեծ թիվ են կազմում և միջազգային չափանիշների տեսանկյունից խնդրահարույց կարող է դիտարկվել»,- մանրամասնեց ՄԻՊ-ը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում:

 

--00—ԱՊ