Բրիտանիայի և Լիբանանի վարչապետները քննարկել են հրադադարը և երկկողմ հարաբերությունների խորացումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

գ.pn

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հոկտեմբերի 28-ի երեկոյան Դաունինգ Սթրիթում ընդունել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Բրիտանիայի կառավարության մամուլի ծառայությունը։ 

Հանդիպման ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետը ցավակցություն է հայտնել լիբանանցի իր պաշտոնակցին երկրում շարունակվող հակամարտության հետևանքով քաղաքացիական զոհերի համար։

Ըստ հաղորդագրության՝ երկու ղեկավարները համաձայնել են, որ հարկավոր է Լիբանանում անհապաղ հրադադար հաստատել և հակամարտության խաղաղ լուծման ուղիներ գտնել։ Նրանք ընդգծել են քաղաքացիական բնակչության և Լիբանանի կարևոր ենթակառուցվածքները պաշտպանելու կարևորությունը։

Կողմերը նաև քննարկել են Մեծ Բրիտանիա-Լիբանան երկկողմ հարաբերությունները։ 

Իր հերթին լիբանանյան LBCI News պարբերականը հաղորդում է, որ հանդիպման ընթացքում Քիր Սթարմերը բարձր է գնահատել բրիտանական և լիբանանյան զինված ուժերի կառուցողական հարաբերությունները՝ հայտնելով Միացյալ Թագավորության պատրաստակամությունն՝ այս ընթացքում աջակցելու Լիբանանին բոլոր մակարդակներում։

Իր հերթին Նաջիբ Միքաթին երախտագիտություն է հայտնել Միացյալ Թագավորությանը «հրադադարի և դիվանագիտական ​​լուծման հարցում իր աջակցող դիրքորոշման» և «Լիբանանին, հատկապես երկրի բանակին աջակցության համար»։

«Մեր երկու երկրների հարաբերությունները շատ խորն են, և մենք անհամբեր սպասում ենք հետագա զարգացմանը ձեր կառավարության օրոք», - Միքաթիի խոսքերն է մեջբերում LBCI News-ը։

--00—ԼՀ