ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարգադրել է միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու երկրի հիմնական ռազմական և քաղաքացիական օբյեկտների անվտանգությունը՝ կապված Ուկրաինայի շուրջ իրավիճակի վատթարացման հետ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Բերիկ Վալին։
«Պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել է ուժային կառույցների ղեկավարներին և բոլոր քաղաքապետերին շտապ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու հիմնական ռազմական և քաղաքացիական օբյեկտների անվտանգությունը՝ կապված Ուկրաինայի շուրջ վատթարացող իրավիճակի հետ», - գրել է նա։
Ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկացվել են նաեւ խորհրդարանի երկու պալատների նախագահները։
Խոսնակը հիշեցրել է, որ Ղազախստանը հանդես է գալիս ուկրաինական հակամարտության դադարեցման և խաղաղ բանակցություններ սկսելու օգտին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի երեկոյան հայտարարություն է տարածել, որում ասել է, որ ի պատասխան Ուկրաինայի Զինված ուժերի կողմից ամերիկյան և բրիտանական հեռահար զենքի կիրառման՝ ռուս զինվորականները համատեղ հարված են հասցրել ռազմական օբյեկտներից մեկին։ Միաժամանակ մարտական պայմաններում փորձարկվել է ռուսական նորագույն միջին հեռահարության հրթիռային համակարգերից մեկը՝ «Օրեշնիկը», ասել է Պուտինը։
Փորձարկումները հաջող են անցել, ընդգծել է նա։
--00—ՅՄ