ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News
«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը բացատրել է, թե ինչու կիսապաշտպան Արսեն Զախարյանին խաղաժամանակ չի տրամադրել Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի՝ «Պոնֆերադինայի» դեմ խաղում։
Երեկ՝ հունվարի 5-ին, Զախարյանն այս մրցաշրջանում առաջին անգամ հայտավորվեց «Սոսյեդադի» կազմում, սակայն մնաց պահեստայինների նստարանին, իսկ թիմը 2:0 հաշվով հաղթանակ տարավ:
«Արսենը երկար ժամանակ վնասվածք ուներ, մինչև ամանորյա ընդմիջում քիչ էր մարզվել, քանի որ նրա վնասվածքը կրկնվել էր։ Այժմ նա հեռու է օպտիմալ ֆիզիկական պատրաստվածությունից, պետք է շատ աշխատի մարզումների ժամանակ»,- Ալգուասիլի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հաջորդ հանդիպումը «Ռեալ Սոսյեդադը» կանցկացնի տանը հունվարի 13-ին՝ մրցելով «Վիլյառեալի» հետ:
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ