Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

photo_2025-01-20_18-46-15

Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն է: 

Մինչ ԱՄՆ-ում այսօր՝ հունվարի 20-ին, նախատեսվում է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ինաուգուրացիայի (երդմանակալության) արարողությունը, թուրքական մամուլում թեման մեծ թափով հանրայնացվում է՝ հիմնականում «Հարաբերություններն ինչպե՞ս կձևավորվեն» հարցադրումով: 

Ընդգծվում է, որ չնայած Թրամփը պատմության էջերում մնացել է որպես միակ ԱՄՆ նախագահ, ով Թուրքիայի դեմ 5 անգամ պատժամիջոց է սահմանել, ակնկալիք կա, որ թուրքական կողմի նկատմամբ դրական քաղաքականություն է վարելու:

«Թուրք-ամերիկյան հարաբերություններում նոր ժամանակաշրջան է սպասվում»: Տարածվող նման տեսակետը հիմնավորվում է Թրամփի խոսքերի մեջբերմամբ.

«Էրդողանն իմ բարեկամն է և ես հարգում եմ նրան: Կարծում եմ՝ նա էլ ինձ է հարգում»:

Բացի այդ ընդգծվում է այն միտքը, որ Թրամփն անուղղակիորեն գովաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Սիրիայում իրականացրած քաղաքականության համար, իսկ Իրանին և ՌԴ-ին համարել այդ երկրում արդեն իսկ թուլացած դերակատարներ:

Մամուլում ուշադրություն է հրավիրվում նաև Սիրիայում գործող քուրդ զինյալների և ԱՄՆ-ի միջև առկա համագործակցության վրա: Նշվում է, որ հատկապես այդ ուղղությամբ Թրափմի վարած քաղաքականությունը որոշիչ կլինի Թուրքիայի համար: 

Հավելենք, որ չնայած թուրքական մամուլում տարածվող նման վերլուծությունների և կարծիքների, Էրդողանը, այնուամենայնիվ, հրավիրված չէ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը:

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ