ՀՖՖ-ն Հայաստանի Պրեմիեր լիգայի ձևաչափի փոփոխությունների առաջարկ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

60_805-770x_.jpg

Հաշվի առնելով վերջին մրցաշրջանների արդյունքները, հիմք ընդունելով ՀՖՖ ռազմավարությամբ հաստատված նպատակները` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջարկում է Հայաստանի Պրեմիեր լիգայի անցկացման ձևաչափում կատարել փոփոխություններ: Հայաստանի Պրեմիեր լիգայում և Առաջին խմբում հանդես եկող ակումբներին առաջարկվում է քննարկել նոր ձևաչափը և իրենց առաջարկությունները ներկայացնել ՀՖՖ մինչև ս. թ. փետրվարի 20-ը, որից հետո արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն ՀՖՖ Գործադիր կոմիտեին: 
Առաջարկներ

Ա տարբերակ

2026–27թթ. և հետագա 2՝ 2027-28թթ, 2028 -29 թթ. մրցաշրջաններում Պրեմիեր լիգային մասնակցող թիմերի քանակը հաստատել անփոփոխ՝ 8 թիմ, կայանում է 4 շրջան՝ թիմերը իրար հետ մրցում են 4 անգամ՝ 1 ական խաղ տանը և դրսում, տուրերի քանակը՝ 28, (գումարած գավաթային հանդիպումները` ընդհանուր առմամբ մրցաշրջանում մոտ 34-35 խաղ), հանդիպումները կայանում են հիմնականում ուրբաթ, շաբաթ, կիրակի, կամ՝ շաբաթ, կիրակի, երկուշաբթի օրերին (գավաթային հանդիպումները՝ չորեքշաբթի և հինգշաբթի), խաղերի սկիզբը՝ արհեստական լուսավորությամբ ստադիոններում ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի վերջ՝ 18:00 -ից 20:30-ն ընկած միջակայքում, իսկ նոյեմբերից մինչև մարտի վերջ՝ 16:00 – 19:00-ի միջակայքում, արհեստական լուսավորություն չունեցող ստադիոններում նշված ժամերից 2 -3 ժամ շուտ՝ կախված եղանակային պայմաններից:

Առաջնությունները սկսվում են հուլիսի վերջին և ավարտվում են հաջորդ տարվա մայիսի վերջին շաբաթվա ընթացքում: Դեկտեմբերի 10-15-ից մինչև փետրվարի 20-25 ը հանդիպումներ չեն կայանում:

Այդ 3 մրցաշրջաններում գործում են ֆուտբոլիստների հայտավորման հետևյալ սահմանափակումները՝ «Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղերին արձանագրությունում ընգրկված 23 ֆուտբոլիստներից 11-ը պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում մարզված կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամներ: Խաղադաշտում միաժամանակ պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում մարզված կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ առնվազն 5 ֆուտբոլիստներ»:

Մրցաշրջանի արդյունքներով վերջին՝ 8-րդ տեղը զբաղեցրած թիմը տեղափոխվում է առաջին խումբ, իսկ նրա տեղը զբաղեցնում է առաջին խմբի հաղթողը: Պրեմիեր լիգայում նախավերջին տեղը գրաված թիմը անցումային 2 հանդիպում է անցկացնում առաջին խմբում 2 տեղը գրաված թիմի հետ:

Այս տարի մեկնարկող՝ 2025-26թթ. մրցաշրջանը հայտարարվում է անցումային և այն անցկացվում է ամբողջապես նախորդ՝ 2024 – 25թթ. մրցաշրջանի կանոններով: Միակ փոփոխությունը պետք է վերաբերվի մրցաշրջանի ավարտին թիմերի գրաված տեղերի հետ կապված. առաջարկում ենք մրցաշրջանի արդյունքներով 7-րդ տեղից ցածր տեղեր գրաված թիմերին տեղափոխել առաջին խումբ, իսկ առաջին խմբում հաղթող թիմը հաջորդ՝ 2026-27 թթ. մրցաշրջանում հանդես գա Պրեմիեր լիգայում:

Բ տարբերակ

2026-2027թթ․ մրցաշրջանից սկսած՝ Հայաստանի Պրեմիեր լիգայում սահմանել առավելագույնը 10 թիմ՝ հետագա 2026-2027, 2027-2028, 2028-2029 մրցաշրջանների համար։ 

Մասնավորապես․

2025-2026 մրցաշրջանի ավարտից հետո 1-9-րդ տեղերը զբաղեցրած թիմերը կպահպանեն իրենց տեղը ՀՊԼ-ում, նրանց կմիանա նաև ԱԽ-ի չեմպիոնը։ ՀՊԼ-ից դուրս մնացած մյուս թիմերը (այդպիսիք լինելու դեպքում) կհամալրեն Առաջին խմբի առաջնությունը, և, զուգահեռաբար, նրանց դուստր թիմերը կլքեն ԱԽ-ն և կմիանան նորաստեղծ Երկրորդ լիգային։

2026-2027 մրցաշրջանից սկսած․ 

ՀՊԼ թիմերի քանակը կսահմանվի 10 թիմ։

Շրջանների քանակը՝ 3 կամ 4

Մրցափուլերի քանակը՝ 27 կամ 36

Խաղերի քանակը՝ 135 կամ 180 (ընթացիկ առաջնության խաղերի քանակը՝ 165)

Յուրաքանչյուր թիմ՝ 27 խաղ + գավաթի խաղեր կամ 36 խաղ + գավաթի խաղեր

2026-2027 մրցաշրջանից սկսած․ 

ԱԽ թիմերի քանակը սահմանվի թվով 8-12 թիմ։

Շրջանների քանակը՝ 8 թիմ՝ 4, 9-10 թիմ ՝ 3, 11-12 թիմ ՝ 2 շրջան։

Մրցափուլերի քանակը՝ 8 թիմ՝ 28, 9 - 10 թիմ՝ 27, 11-12 թիմ ՝ 22։

Խաղերի քանակը՝ նվազագույնը 112-ից առավելագույնը 132 խաղ + գավաթի խաղեր (ընթացիկ առաջնության խաղերի քանակը 165)։

2026-2027 մրցաշրջանից սկսած․ 

Երկրորդ խումբ թիմերի քանակը սահմանվի 8 թիմ։

Շրջանների քանակը՝ 3 կամ 4

Մրցափուլերի քանակը՝ 27 կամ 36

Խաղերի քանակը՝ 135 կամ 180

Յուրաքանչյուր թիմ՝ 27 խաղ կամ 36

2026-2027 մրցաշրջանից սկսած ՀՊԼ առաջնության 10-րդ տեղը զբաղեցրած թիմը կլքի ՀՊԼ-ն և հանդես կգա ԱԽ-ում, փոխարենը ԱԽ-ի չեմպիոնը իրավունք կստանա հանդես գալու ՀՊԼ-ում։

ԱԽ առաջնության վերջին տեղը զբաղեցրած թիմը կլքի ԱԽ-ն և հանդես կգա երկրորդ խումբ, փոխարենը՝ երկրորդ խմբի չեմպիոնը իրավունք  կստանա հանդես գալու ԱԽ-ում։

4 շրջանով /180 խաղ/ խաղաշրջանը մեկնարկում է հուլիսի 18-ին և ավարտվում է մայիսի 3առաջին։ Տվյալ ժամանակահատվածում ըստ օրացույցի /հաշվի են առնվել հավաքականի դադարի օրերը և եվրագավաթային խաղային օրերը/՝ Մրցումների բաժինը ունենում է 33 խաղային շաբաթ, որը մեզ հնավորություն է տալիս ՀՊԼ խաղերը նշանակել  ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին՝ բացառությամբ 3 մրցափուլի։  Հայաստանի գավաթի խաղերը կնշանակվեն երեքշաբթի, չորեքշաբթի հինգշաբթի օրերին։

3 շրջանով /135/  խաղաշրջանը մեկնարկում է օգոստոսի առաջին և ավարտվում է մայիսի 3առաջին։ Տվյալ ժամանակահատվածում ըստ օրացույցի/ հաշվի են առնվել հավաքականի դադարի օրերը և եվրագավաթային խաղային օրերը/՝ Մրցումերի բաժինը ունենում է 28 խաղային շաբաթ, որը մեզ հնավորություն է տալիս ՀՊԼ խաղերը նշանակել ԲԱՑԱՌԱՊԵՍ  ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին։

Հայաստանի գավաթի խաղերը կնշանակվեն երեքշաբթի, չորեքշաբթի հինգշաբթի օրերին։

Իսկ այս տարի մեկնարկող՝ 2025-26թթ. մրցաշրջանը հայտարարվում է անցումային եւ այն անցկացվում է ամբողջապես նախորդ՝ 2024 – 25թթ. մրցաշրջանի կանոններով: Միակ փոփոխությունը պետք է վերաբերվի մրցաշրջանի ավարտին թիմերի գրաված տեղերին. առաջարկում ենք մրցաշրջանի արդյունքներով 9-րդ տեղից ցածր տեղեր գրաված թիմերին տեղափոխել առաջին խումբ, իսկ առաջին խմբում հաղթող թիմը հաջորդ՝ 2026-27 թթ. մրցաշրջանում հանդես գա Պրեմիեր լիգայում:

Այլ փոփոխություններ

Հայաստանի Հանրապետությունում մարզված համարվող ֆուտբոլիստներ

ՀՖՖ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի 20․06 կետի՝  Հայաստանի հանրապետությունում մարզված համարվում է այն ֆուտբոլիստը, ով 15 տարեկանից (կամ այն մրցաշրջանի սկզբից, որի ընթացքում ֆուտբոլիստը դարձել է 15 տարեկան) մինչև 21 տարեկանը (կամ այն մրցաշրջանի ավարտը, որի ընթացքում ֆուտբոլիստը դարձել է 21 տարեկան) անկախ տվյալ ֆուտբոլիստի ազգային պատկանելությունից և տարիքից, գրանցված է եղել ՀՀ-ում գրանցված որևէ ակումբում կամ ակումբներում ՝ նվազագույնը 3 խաղաշրջան (կամ 36 ամիս անընդմեջ կամ ոչ անընդմեջ): Ֆուտբոլիստի 15-ամյակը լրանալու օրվան անմիջապես նախորդող մրցաշրջանը նույնպես ընդգրկվում է հաշվարկում, եթե ֆուտբոլիստի ծննդյան օրը համապատասխան առաջնության վերջին խաղի և հունիսի 30-ի միջև ընկած ժամանակահատվածում է: Ֆուտբոլիստի 21-ամյակը լրանալու օրվան անմիջապես հաջորդող մրցաշրջանը նույնպես ընդգրկվում է հաշվարկում, եթե ֆուտբոլիստի ծննդյան օրը հուլիսի առաջին է կամ դրանից հետո մինչև տվյալ առաջնության  առաջին պաշտոնական հանդիպման օրը ընկած ժամանակահատվածը:

Հաշվի առնելով վերջին շրջանում առաջացած բազմաթիվ խնդիրները՝ կապված ՀՀ-ում մարզված համարվելու հետ՝ առաջարկում ենք վերոնշյալ կետը լրացնել հետևյալ բացառությամբ․

Այն ֆուտբոլիստները, ովքեր ունեն ՀՀ անձնագիր, ՀՀ քաղաքացիություն և իրենց կարիերայի ընթացքում ՀՀ-ից դուրս որևէ այլ ասոցիացիայում գրանցում չեն ունեցել և չեն համապատասխանում վերոնշյալ կետին, նրանց համար ՀՀ-ում մարզված համարվելու չափանիշը սահմանել 15-ից 21 տարեկանի ընթացքում՝ 24 ամիս կամ 2 խաղաշրջան։

ԲԿՄԱ

2025-26թթ. մրցաշրջանում ԲԿՄԱ ն նույն՝ նախորդ մրցաշրջանի պայմաններով հանդես է գալիս Պրեմիեր լիգայում, իսկ արդեն հաջորդ՝ 2026-27թթ. մրցաշրջանում ԲԿՄԱ-ն կարող է հանդես գալ Պրեմիեր լիգայում բացառապես մյուս թիմերին հավասար պայմաններով՝ պետք է դառնա պրոֆեսիոնալ ակումբ և չլինի ՀՖՖ կազմում, պետք է մյուս թիմերի նման անցնի լիցենզավորման գործընթաց: Հակառակ դեպքերում ԲԿՄԱ-ն տեղափոխվում է կամ Առաջին լիգա, կամ հանդես է գալիս Պրեմիեր լիգայում հաշվարկից դուրս: Այս դեպքում նման համաձայնություն պետք է տան Պրեմիեր լիգայի մասնակից բոլոր թիմերը, իսկ ԲԿՄԱ-ի հետ խաղերում միավորներ չեն խաղարկվելու:

Մրցավարություն

Առաջարկում ենք հետեւյալ հնարավոր փոփոխությունը.

Ըստ մրցող թիմերից մեկի դիմումի և բացառապես հետևյալ դեպքերի՝ չնշանակված 11 մետրանոց, չեղարկված գոլ, կարմիր քարտ, մրցավարական կոմիտեն քննարկում է կազմակերպում  դիմող թիմի ներկայացուցչի ու խաղը սպասարկած մրցավարի մասնակցությամբ, ովքեր պարզաբանումներ են ներկայացնում տվյալ հարցի շուրջ:

Այս փոփոխությունը, եթե իհարկե Պրեմիեր լիգայի թիմերը տան իրենց համաձայնությունը, առաջիկա մրցաշրջանի ընթացքում ՀՖՖ -ն պետք է համաձայնեցնի ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ -ի մրցավարական կոմիտեների հետ:

Աշուն – գարուն ձևաչափ

2012-13 թթ. մրցաշրջանից սկսած Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը անցկացվում է աշուն-գարուն ձևաչափով՝ մրցաշարը մեկնարկում է հուլիս-օգոստոս ամիսներին և ավարտվում հաջորդ տարվա գարնանը: Ընդ որում, հաշվի առնելով Հայաստանի բնակլիմայական պայմանները և առկա ստադիոնները մեր առաջնությունը բաժանվում է 2՝ իրարից անջատ մասերի. թիմերը մոտ 2-2,5 ամիս՝ դեկտեմբերի կեսերից մինչև փետրվարի վերջ, արձակուրդում են: Շատ հաճախ նույն թիմը մրցաշրջանի գարնանային հատվածում ամբողջապես փոխում է կազմը: Պետք է արձանագրել նաև, որ նման ձևաչափի արդյունքում հայկական ակումբները շատ ավելի լավ են հանդես գալիս եվրագավաթային մրցաշարերում: Աշուն – գարուն համակարգով խաղում են եվրոպական գրեթե բոլոր առաջատար երկրները՝ Անգլիան, Իսպանիան, Իտալիան, Գերմանիան, Ֆրանսիան և այլն, ինչպես նաև մեր հարևան երկրները՝ բացառությամբ Վրաստանի:

Մինչ 2011 թվականը Հայաստանի առաջնություններն անցկացվում էին գարուն-աշուն համակարգով։ Մրցաշարը մեկնարկում էր գարնանը և ավարտվում նույն տարվա դեկտեմբերին: Այս դեպքում դադարներ գրեթե չէին լինում, բայց եվրագավաթային ուղեգրեր նվաճած թիմերը իրենց առաջին միջազգային խաղերը անցկացնում էին գրեթե կես տարի հետո՝ ամբողջապես նոր կազմերով: Գարուն–աշուն համակարգով ներկայումս Եվրոպայում խաղում են հիմնականում հյուսիսային երկրներում՝ Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Նորվեգիայում, ֆինլանդիայում, Շվեդիայում, Իռլանդիայում, Իսլանդիայում, Ֆարերյան կղզիներում, ինչպես նաև Բելառուսում, Ղազախստանում և Վրաստանում:  

Առաջարկում ենք թիմերին իրենց կարծիքը արտահայտել նախընտրելի ձևաչափերի վերաբերյալ:

Ակնկալվող արդյունքները

Հայաստանի Պրեմիեր լիգան կազմակերպչական առումով դառնում է կայուն, կանխատեսելի առաջնություն: Մասնակից թիմերը հնարավորություն կստանան իրենց ակումբների ռազմավարությունը կառուցել առնվազն 3 տարվա կտրվածքով՝ չզգուշանալով հնարավոր փոփոխություններից:

Առաջիկա 3 մրցաշրջաններում այս փոփոխությունները կնպաստեն, որպեսզի Պրեմիեր լիգայի թիմերի ղեկավարները վերջապես կհամաձայնեն միմյանց հետ՝ ստեղծել Պրոֆեսիոնալ լիգա:

Առաջիկա 1-2 մրցաշրջաններում հնարավոր կլինի ստեղծել Երկրորդ խումբ։ Պրոֆեսիոնալ 3 լիգաները և սիրողական 2 լիգաները, բուֆերային լիգան, 8 տարեկանից սկսող մանկապատանեկան բոլոր տարիքները ընդգրկող մրցաշարերը՝ մոտ 40 մրցաշար, համատեղ կամբողջացնեն Հայաստանի առաջնությունների զարգացման համար անհրաժեշտ բրգաձև կառուցվածքը:

--00—ՅՄ