ԵՄ-ն առաջիկա երկու տարում չունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ակնկալիք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

ա

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը անդրադարձել է ԵՄ երկրների դեսպանների՝ Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգման մասին որոշմանը․

«ԵՄ երկրների դեսպանները Բրյուսելում կայացրել են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման ժամկետը եւս երկու տարով երկարաձգելու մասին որոշում:

Նախ, այս որոշումը փաստացի այն մասին է, որ Եվրամիությունը չունի առաջիկա երկու տարում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման ակնկալիք: Առաջարկը՝ երկու տարով երկարաձգելու, օրեր առաջ արել էր ԵՄ արտաքին հարցերի հանձնակատար Կալասը: Եթե առաջարկվում է երկամյա նոր ժամկետ, ապա դա ցույց է տալիս, որ առնվազն դիտարկվում է հավանական, որ առաջիկա երկու տարում չի լինի խաղաղության պայմանագիր:

Այդ եզրակացության համար հիմք է նաեւ այն, որ Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանին երրորդ ուժերի ներկայության հարցը դրել է պայմանագրի ստորագրման պայմանների շարքում: Հետեւաբար, եթե ԵՄ-ն պատկերացնում է եւս երկամյա տեղակայում, ուրեմն՝ կամ հենց ինքն էլ փաստորեն «խանգարում» է խաղաղության պայմանագրի ստորագրմանը, կամ պատկերացնում է, որ երկու տարվա ընթացքում իրատեսական չէ ստորագրումը:

ԵՄ դիտորդների հարցը սակայն, ըստ իս, ունի շատ ավելի լայն համատեքստ եւ ամենեւին չի սահմանափակվելու ժամկետի երկարաձգմամբ: Ըստ իս, Ադրբեջանը բոլորովին պատահական կամ իրավիճակային բերումով չէ, որ առաջ է քաշել այդ հարցը: Ադրբեջանը բոլորովին պատահական չէ, որ հայտարարում է, թե դա փաստացի ՆԱՏՕ առաքելություն է: Ադրբեջանը ՆԱՏՕ հետ ունի շատ ավելի սերտ ու անմիջտական հարաբերություն, այդ թվում Թուրքիայի միջոցով, քան Հայաստանը: Դրա վկայությունն էին նաեւ ՆԱՏՕ  գլխավոր քարտուղարի հայտարարությունների տարբերությունները Երեւանում ու Բաքվում, ուր նա այցելել էր ամիսներ առաջ: Խոսքը Յենս Ստոլտենբերգի մասին է, որը հեռանալուց առաջ եղավ ռեգիոնում:

Ուրեմն, Բաքվին ինչու՞ պետք է մտահոգեր, թե դա փաստացի ՆԱՏՕ առաքելություն է: Խնդիրը բոլորովին մտահոգությունը չէ, այլ ընդամենը դիվանագիտական խաղի տարածություն բացելը, այսպես ասած՝ գին բարձրացնելը, ինչպես նաեւ՝ պատեհության դեպքում ԵՄ դիտորդների կազմ Թուրքիայի ներկայացուցիչ ներառելու հարցը բարձրացնելը:

Այդ իմաստով, առաքելության վրա «խաղը» թերեւս դեռ նոր պտույտ է հավաքելու:

Ինչ վերաբերում է հարցին, թե որքանով է առաքելությունը զսպում Ադրբեջանին եւ ապահովում սահմանային կայունություն, ապա այստեղ հերթական անգամ կրկնեմ պարզ օրինակը: ԵՄ դիտորդների ներկայությունը չի զսպել Բաքվին, որպեսզի վերջինս ստիպի Հայաստանին տեղափոխել մետալուրգիական գործարանը, որ կառուցվում էր սահմանամերձ գոտում՝ Երասխում:

Եթե դիտորդները ունեն զսպելու մեծ կարողություն, ինչու՞ չարեցին դա գործարանի պարագայում: Եթե  դիտորդները ունեին զսպող էական ներուժ, Հայաստանը դա ինչու՞ չօգտագործեց Կիրանցի հատվածում, երբ Ադրբեջանը, Հայաստանի վարչապետի իսկ խոստովանությամբ՝ պատերազմի շանտաժով թելադրեց այսպես ասած ադրբեջանական գյուղերի տարածքները վերադարձնելու պահանջ, դե ֆակտո՝ միակողմանի պահանջ:

Միով բանիվ, ըստ իս, ԵՄ դիտորդների տեղակայումն ու մոնիտորինգը սահմանին՝ վնաս չէ: Համենայն դեպս, այն իր հարաբերական ներուժով, բայց կարող է դիտվել իրավիճակի կայունությունը կառավարելու եւս մի ռեսուրս:

Սակայն, միամտություն է համարել, թե այդ առաքելությունն է սահմանին «կայունության» գրավականը: Կայունության հարցերը գտնվում են շատ ավելի իրական ռազմա-քաղաքական գետնի վրա, որոնց աշխատելու պարագայում, ԵՄ դիտորդական մեխանիզմը չի աշխատելու որեւէ կերպ: Եվ սա նշանակում է, որ մենք չպետք է հայտնվենք այդ առնչությամբ որեւէ պատրանքի մեջ»:
 

--00—ՍՊ