ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը վերահաստատել է իր երկրի անսասան դիրքորոշումը Գազայից և Հորդանան գետի արևմտյան ափից պաղեստինցիների տեղահանման դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հորդանանի Petra լրատվական գործակալությունը։
Թագավորը շեշտել է արդար ու համապարփակ խաղաղության հասնելու անհրաժեշտությունը, որը կապահովի Պաղեստինի ժողովրդի բոլոր իրավունքներն իր ազգային հողում և կերաշխավորի բոլորի անվտանգությունն ու կայունությունը։ Նա նաև վերահաստատել է Գազայի հատվածում հրադադարի ամրապնդման, մարդասիրական արձագանքի ակտիվացման և Գազայի վերականգնման անհրաժեշտությունը։
Աբդալլահ Երկրորդը լրագրողներին հայտնել է, որ Գազայի հատվածում քաղցկեղով և այլ ծանր հիվանդություններով տառապող մոտ 2000 երեխա կտեղափոխվի Հորդանան բուժում ստանալու նպատակով։
Հորդանանի թագավորը բարձր է գնահատել նախագահ Թրամփի առանցքային դերը Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի ձեռքբերման գործում։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հորդանան գետի Արևմտյան ափին և Երուսաղեմում տեղի ունեցող զարգացումները։ Թագավորն ընդգծել է իրավիճակի վատթարացումը կանխելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու կարևորությունը։
Աբդալլահ Երկրորդը շեշտել է Միացյալ Նահանգների և նախագահ Թրամփի դերի կարևորությունը տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության հասնելու ջանքերին աջակցելու գործում՝ հայտնելով այդ հարցում օգնելու իր պատրաստակամությունը։
Իր հերթին նախագահ Թրամփն ընդգծել է Հորդանանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ամրությունը՝ շնորհակալություն հայտնելով Աբդալլահ Երկրորդին տարածաշրջանում խաղաղության հաստատման համար թագավորության գործադրած ջանքերի համար։
--00--ԱՀ