Թմրամիջոցների տարածման կանխարգելման նոր քայլեր՝ գերատեսչությունների հետ համագործակցության միջոցով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

photo_2025-03-06_17-42-29

Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունքները, կանխարգելիչ նոր մեթոդները և գերատեսչությունների համագործակցության զարգացումը՝ օրակարգում։

Ի՞նչ արդյունքներ են արձանագրվել 2024 թվականին, ի՞նչ նոր գործիքակազմեր են մշակվում կանխարգելման ուղղությամբ, և ինչպե՞ս է զարգանում փոխգործակցությունը ոլորտում. այս և այլ կարևոր հարցեր մարտի 5-ին քննարկվեցին Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և դրանց անօրինական տարածման կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում։

Ընդգծելով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ ներդրված բազմակողմ ջանքերը՝ հանձնաժողովի նախագահ, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը կարևորեց հատկապես անչափահասների իրազեկման աշխատանքներում ոլորտային մասնագետների ներգրավման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ կանխարգելման հաջողությունը մեծապես կախված է կրթական և հոգեբանական մոտեցումների արդյունավետ համադրումից։

Վարդան Վարդանյանը նշեց, որ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը պահանջում է շարունակական վերահսկողություն, նորարարական մեթոդների ներդրում և շահագրգիռ կառույցների սերտ համագործակցություն։ Միայն համակարգված և հետևողական միջոցառումների իրականացման միջոցով հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքի թե՛ կանխարգելման, թե՛ բացահայտման ուղղությամբ։

ԿԳՄՍ նախարարության Ռազմավարական պլանավորման բաժնի պետ Վերոնիկա Խորասանյանի խոսքով՝ «Խնդրին պետք է մոտենալ մի քանի տեսանկյունից և մեկ գերատեսչության ուսերին թողնել այդ պայքարը, ուղղակի անհնար է։ Այդ առումով պետք է ներգրավված լինեն թե՛ հասարակությունը, թե՛ պետական մարմինները, թե ՛ՀԿ-ները` ընդհանուր առավել լավ արդյունքի հասնելու համար»:

Ներկայացվեցին 2024 թվականի ընթացքում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու ամփոփվեցին արդյունքները։

Ակտիվ քննարկում ծավալվեց անչափահասների շրջանում թմրամիջոցների անօրինական շրջանառության կանխարգելման հնարավոր գործիքակազմերի, դրանց կիրառելիության, իրավապահ ու կրթական համակարգերի համագործակցության նոր ձևաչափերի շուրջ։

«Այս հարցում լուրջ ներդրում ունեն նաև ծնողները: Կարծում եմ՝ պակաս կարևոր չէ, եթե համապատախան գերատեսչությունները գործողություններ ձեռնարկեն ծնողների հետ թիրախային աշխատելու ուղղությամբ։ Ուսուցիչների ուսերին լուրջ բեռ է դրված՝ ճիշտ մատուցելու, ճիշտ ներկայացնելու, ճիշտ կրթելու ոչ միայն ակադեմիական գիտելիքներ, այլ նաև առողջ ապրելակերպ քարոզելու և արդարամիտ քաղաքացի դաստիարակելու համար»,-նշեց ԿԳՄՍ նախարարության Ռազմավարական պլանավորման բաժնի պետ Վերոնիկա Խորասանյանը։

Կարևորելով իրազեկման և կանխարգելման գործում ծնողների և ուսուցիչների դերը՝ ՆԳ նախարարության նախաձեռնությամբ նրանց համար մշակվում է ուղեցույց, ինչը, հանձնաժողովի նախագահի համոզմամբ, կարևոր քայլ է առաջին օղակից թմրանյութերի վտանգների մասին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու և անչափահասներին թմրանյութերից զերծ պահելու ուղղությամբ։

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Էդգար Պետրոսյանի խոսքով՝ «ՆԳՆ ոստիկանությունը վերհաստատեց այն հանձնառությունը, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության նախականխման աշխատանքներում իրազեկման աստիճանը բարձրացնելու, այդ աշխատանքներն առավել արդյունավետ կատարելու համար նախաձեռնված ուղեցույցի մշակման աշխատանքները, որն իրականացվում է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի մեր գործընկներների հետ համատեղ, ավարտին հասցվեն: Ընդ որում` նաև կրթության ոլորտի մեր գործընկերները ցանկություն հայտնեցին միանալ այդ աշխատանքներին և համատեղ աշխատանքներով իրագործել այն»։

Օրակարգում էր նաև գերատեսչությունների միջև տեղեկությունների փոխանակման կարգը, ձևաչափը և ժամկետները սահմանող միջգերատեսչական փաստաթղթի ստորագրման վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած առաջարկությունը։

Հանձնաժողովի կազմում ներգրավված են ՆԳ նախարարության ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Գլխավոր դատախազության, Պաշտպանության, Առողջապահության, Արդարադատության և ԿԳՄՍ նախարարությունների, Քննչական և Պետական եկամուտների կոմիտեների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ։

Նիստի ավարտին մասնակիցները ներկայացրին առաջարկություններ՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։

--00—ՅՄ