Փոխվարչապետը առաջնային է համարել ՀՀ պետական խոշոր ծրագրերում Ֆրանսիայի ներգրավվածությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

ՖՖ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում (MEDEF) կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Տիգրան Խաչատրյանը մանրամասն անդրադարձ է կատարել ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական առաջնահերթություններին և այդ ուղղություններով գրանցած ցուցանիշներին, ինչպես նաև տնտեսության առանձին ոլորտներում տեղի ունեցող զարգացումներին։ Այս համատեքստում փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի շարունակական բարելավման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող աշխատանքները։

Ընդգծելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը՝ փոխվարչապետ Խաչատրյանը առաջնային է համարել ինչպես ՀՀ մասնավոր հատվածի, այնպես էլ պետական խոշոր ծրագրերի շրջանակներում ֆրանսիական ընկերությունների ակտիվ ներգրավվածությունը։ Տիգրան Խաչատրյանը վստահեցրել է, որ կառավարության կողմից գործադրվում են հետևողական ջանքեր՝ երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի ամրապնդման, հայաստանյան ներդրումային միջավայրը ֆրանսիական ընկերություններին ավելի հասկանալի դարձնելու ուղղությամբ։

Հանդիպմանը ներկա ընկերությունների ներկայացուցիչները, անդրադառնալով իրենց գործունեության հիմնական ուղղություններին, պատրաստակամություն են հայտնել իրենց փորձառությունն ու գիտելիքները ծառայեցնել Հայաստանում տարբեր ձևաչափերով ներդրումային նախաձեռնությունների իրականացմանը:

Փոխվարչապետը մանրամասն անդրադարձ է կատարել նաև կազմակերպության ներկայացուցիչների կողմից բարձրացված մի շարք հարցադրումների, ինչպես նաև՝ համագործակցության կոնկրետ ուղղությունների վերաբերյալ ներկայացված առաջարկություններին: Նախանշված գաղափարները առավել մանրամասն քննարկելու նպատակով կողմերը պայմանավորվել են առաջիկայում նախատեսել ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչներից բաղկացած առաքելության այց Հայաստան։


 

--00—ՍՊ