Ադրբեջանական «SOCAR»-ի ներգրավվածությունը Վրաստանում՝ հակահայկական քարոզչության սատարման գործում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

ՀՀ

«Գեղարդ» հիմնադրամ․

«Ադրբեջանն զգալիորեն խորացրել է իր տնտեսական և քաղաքական ազդեցությունը Վրաստանում՝ հիմնականում SOCAR պետական նավթային ընկերության միջոցով։ «SOCAR»-ը ոչ միայն Վրաստանի խոշորագույն ներդրողներից է, այլև՝ Բաքվի քաղաքական ազդեցության կարևոր գործիքներից մեկը։

«SOCAR»-ը Վրաստանում օտարերկրյա խոշորագույն ներդրողներից մեկն է, որն ապահովում է երկրի գազի շուրջ 90%-ը։ Այս տնտեսական կախվածությունը հզոր լծակ է Ադրբեջանի համար, որից օգտվելով՝ այդ երկիրը հաճախ կարողանում է վրացական քաղաքական և մեդիա դաշտերում հակահայկական սեփական քարոզչությունը տարածել։  

Հատկապես 2020 թվականին՝ Արցախյան պատերազմից և հետագայում՝ Արցախի հայաթափումից հետո, Ադրբեջանն ու «SOCAR»-ն ակտիվ քայլեր են ձեռնարկում Վրաստանում՝ ադրբեջանական քարոզչության տարածման, ինչպես նաև՝ հայկական, հայանպաստ միջոցառումները, իրադարձությունները խափանելու համար։

Տարիներ առաջ՝ 2021 թվականին, վրացի հայտնի գրող, մարդու իրավունքների պաշտպան, «Բազմակողմ դիվանագիտության ինստիտուտ IMTD Georgia» ՀԿ ղեկավար Իրակլի Կակաբաձեն առցանց համերգ էր կազմակերպել՝ «ARTSAKH INTERNATIONAL SOLIDARITY» խորագրով։ Ինչպես նշվում էր, համերգի հիմնական ուղերձն Արցախին համերաշխություն հայտնելն ու պատերազմի զոհերին չմոռանալն էր։ Իրակլի Կակաբաձեի խոսքով՝ միջոցառումը կոչ էր քաղաքակիրթ մարդկությանը՝ կանխելու ծրագրված ցեղասպանությունը, վայրագություններն ու, ընդհանրապես, պատերազմները։ Վրացի գրողը հայտնել էր, որ Վրաստանում ադրբեջանական SOCAR ընկերության ներկայացուցիչներն սպառնացել էին միջոցառման կազմակերպիչներին՝ պահանջելով չեղարկել այն։ Չնայած այդ ամենին՝ միջոցառումը տեղի էր ունեցել օտարերկրյա և վրացի արտիստների մասնակցությամբ։ Իրականացվել էր նաև Արցախի օգնության դրամահավաք։

««SOCAR»-ի ներկայացուցիչներն ինձ և գործընկերներիս են զանգահարել՝ սպառնալով, թե սոված կթողնեն, եթե չհրաժարվենք այս միջոցառման անցկացումից։ «SOCAR»-ն այստեղ ունի մի քանի հազարի հասնող «ֆեյքերի ֆաբրիկա»։ Գիտենք՝ որտեղ են նրանք տեղակայված ու ինչ գործունեություն են ծավալում։ Տարիներ շարունակ իրենց միլիարդներով դա արհեստավարժ են անում», - ասել էր Կակաբաձեն։  

«Հարավային Կովկասի երկու հնագույն՝ հայկական ու վրացական քաղաքակրթությունները ցեղասպանության ուղիղ սպառնալիքի տակ են։ Հայաստանյան ժողովրդավարությունը խեղդելուց հետո Էրդողանի հաջորդ կանգառը Վրաստանն է»,- շեշտել էր վրացի մտավորականը։

Իրակլի Կակաբաձեն Հայաստանի Հանրային ռադիոյի հետ զրույցում նշել էր նաև, որ «Ադրբեջանը, Թուրքիայի հետ, գնալով ավելի է ընդլայնում իր ազդեցության հնարավորությունները Վրաստանի ներքին և արտաքին քաղաքականության վրա»։

Հարկ է նշել, որ սա եզակի այն դեպքերից է, երբ հանրությանը տեղեկացվել է «SOCAR»-ի սպառնալիքների և հայանպաստ միջոցառումը չեղարկելու փորձի մասին։ Սակայն, կարելի է ենթադրել, որ սա ադրբեջանական ընկերության միակ փորձը չէ։  

Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունն ու «SOCAR»-ը չեն սահմանափակվում միայն հայամետ իրադարձությունների չեղարկման փորձերով, այլ հենց իրենք էլ նախաձեռնում են՝ ադրբեջանական պետական քարոզչությանը ներառելով Վրաստանի տարբեր շրջանակներ։ Արցախի բռնազավթումից, հայաթափումից հետո ժամանակ առ ժամանակ Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունը տարբեր ծրագրերով այցեր է կազմակերպում դեպի Արցախ։ Նմանօրինակ վերջին այցը կազմակերպվել է 2024 թվականի հոկտեմբերի 17-22-ը։ Վրաստանից «զբոսաշրջիկների հերթական խումբն է այցելել Ղարաբաղ» կամ «Վրաստանից զբոսաշրջիկները ծանոթանում են Ղարաբաղին» վերտառությամբ հրապարակումներ կան հիմնականում ադրբեջանական մեդիայում։ Ըստ ադրբեջանական աղբյուրներում հրապարակված հոդվածների՝ խմբի անդամները Վրաստանում ապրող էթնիկ ադրբեջանցիներ են։ Վրաստանի քաղաքացի հանդիսացող էթնիկ ադրբեջանցիների երեք խումբ այցելել էր Շուշի, Ակնա, Ստեփանակերտ։ Վրացալեզու մեդիատիրույթում այս մասին հրապարակումներ չեն դիտարկվել, միայն վրացական «Business media»-ի ռուսալեզու բաժնում այցելության մասին տեղեկատվական հրապարակում կար։

Ադրբեջանական կողմը, սակայն, Արցախում ավելի վաղ շրջայցեր է կազմակերպել նաև վրացի մի շարք փորձագետների, լրագրողների, մեդիա ներկայացուցիչների համար։ Նրանցից ոմանք վրացալեզու մեդիատիրույթում հրապարակումներ են արել, հոդվածներ հրապարակել «ադրբեջանական հյուրընկալության», «Ղարաբաղի ազատագրման» և այլ քարոզչական թեմաներով։

2020 թվականի 44-օրյա պատերազմի տարելիցին ընդառաջ Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան և «SOCAR»-ի ներկայացուցչության աջակցությամբ 2021 թվականի սեպտեմբերի 20-ին վրացի լրագրողների, բլոգերների, փորձագետների մոտ 20 հոգանոց պատվիրակությունը մեկնել էր Ադրբեջան, ինչպես նաև՝ այցելել ներկայում ադրբեջանական վերահսկողության տակ անցած Ակնայի (Աղդամ), Ջրականի (Ջաբրայիլ), Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններ և Շուշի[1]։ Վրացական կողմին Ադրբեջանում ընդունել էր այդ երկրի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Ինֆոտուրի շրջանակներում վրացական և ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակումներ են եղել Արցախ այցելության մասին։

Վրացական պատվիրակության կազմում են եղել Report.ge, Kvira.ge, Kvirispalitra.ge լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք տարբեր հրապարակումներ են արել իրենց այցի և տպավորությունների մասին։ «Kvira.ge»-ի խմբագիր Մարիամ Լացաբիձեի ընդարձակ հրապարակումն ամբողջությամբ արտացոլել է ադրբեջանական քարոզչությունն՝ իր բոլոր դրսևորումներով։ Հեղինակը հիացական խոսքեր է շռայլել ադրբեջանական հյուրընկալության, հավատարմության, արագ զարգացող տնտեսության և «ամենակարևորն՝ օկուպացիան հաղթելու և 28 տարի հետո կորուսյալ տարածքները վերադարձնելու», «ղարաբաղյան պատերազմի ընթացքում առգրավված ռազմական տեխնիկայի, սպառազինության ու այլ առարկաների մասին»։ Վրացի խմբագրի հոդվածից տեղեկանում ենք, որ վրացական կողմն ականատես է եղել ականազերծման աշխատանքների։ Այդ մասին Լացաբիձեն նշել է․ «հենց Վրաստանի միջնորդությամբ հայկական կողմն Ադրբեջանին փոխանցեց ականապատ դաշտերի քարտեզը, որը միշտ չէ, որ ճիշտ է»։ Հեղինակի պնդմամբ՝ Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության հետ բանակցություններ են ընթացել, որպեսզի վրացական ընկերությունները նույնպես մասնակցեն «վերականգնողական աշխատանքներին՝ հատկապես Աղդամում գինեգործության և խաղողի այգիների վերականգնմանը»։

«Kvirispalitra»-ի լրագրողն իր հոդվածում ավելի զուսպ ձևակերպումներ է ընտրել։ Ըստ նրա՝ վրացական կողմին Ջրականում ցուցադրել են ադրբեջանական գերեզմաններ և շեշտել, որ բոլորն իբր «հայկական վանդալիզմի» զոհ են դարձել, քանի որ մահացածների ոսկյա ատամները «հայերը գողացել են»։ Հեղինակն իր հոդվածում նշել է, որ գերեզմաններից մեկի մոտ իրեն պրովոկացիոն հարց են տվել հայերի մասին։

 «Հայերը Կովկասում հնագույն և մշակութային ազգերից մեկն են։ Դրա մասին վկայում է նրանց պատմությունը։ Այն, ինչ տեսնում ենք այստեղ, վանդալիզմ է․․․սա ազգի գործ չէ, սա հանցագործի զզվելի արարք է», - նման պատասխան է տվել «Kvirispalitra»-ի լրագրողը, թեև, իր պնդմամբ, չգիտի՝ որքանով են իր պատասխանից գոհ մնացել ադրբեջանցիները, և արդյո՞ք դա ադրբեջանական ԶԼՄ-ներով եթեր գնացել է։ Հետաքրքրական է, որ հրապարակման մեջ հեղինակն օգտագործել է նաև Շուշի հայկական անվանումն՝ ադրբեջանական ձևի փոխարեն։ 

Ինֆոտուրի շրջանակներում վրացի փորձագետներից պատվիրակության կազմում է եղել նաև Զուրաբ Բաթիաշվիլին, ով ներկայումս GFSIS կենտրոնի փորձագետ է։ Ակնա (Աղդամ) այցելության ժամանակ, ինչպես փոխանցել է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը, Բաթիաշվիլին հայտարարել է, թե «պատմական հուշարձաններն ավերակների են վերածվել, բայց վստահ է, որ ամեն ինչ կվերակառուցվի նորից, քանի որ Ադրբեջանը տնտեսական և ռազմական տեսանկյունից ուժեղ պետություն է»։

Թեև Ադրբեջանը մշտապես լծված է եղել հակահայկական քարոզչության տարածման գործին, սակայն 2020 թվականից հետո այս գործընթացն էականորեն ակտիվացել է՝ կենտրոնանալով հատկապես Արցախի վրա։ Նման այցեր կազմակերպվել ու կազմակերպվում են ոչ միայն Վրաստանի, այլև՝ օտարերկրյա դեսպանների, մտավորականների և այլոց համար։ Այնուամենայնիվ՝ հարկ է նշել, որ ադրբեջանական հակահայկական քարոզչության մեծացումը կարող է խնդիրներ ստեղծել տարածաշրջանում՝ բարեկամական կապեր ունեցող Հայաստանի և Վրաստանի հետագա հարաբերություններում»։


 


 

 --00—ՍՊ