ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Իրաքի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը՝ բարձր գնահատելով այդ ուղղությամբ գործադրված դիվանագիտական ջանքերը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին համապատասխան հայտարարություն է տարածել Իրաքի ԱԳ նախարարությունը։
«Իրաքի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև պատմական նշանակություն ունեցող խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնեցման հասնելը»,-նշված է հայտարարության մեջ։
Իրաքի ԱԳ նախարարությունը նշել է, որ այս համաձայնագիրը լուրջ քայլ է Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման ուղղությամբ և հուսով է, որ այն կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար ավելի լավ ապագայի կերտմանը։
«Նախարարությունը նաև բարձր է գնահատում դիվանագիտական ջանքերը, որոնք նպաստել են այս կարևոր նվաճմանը»,-ասված է հայտարարության մեջ։
Իրաքի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ այս համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերությունների և արդյունավետ համագործակցության նոր դարաշրջան կբացի և կամրապնդի տարածաշրջանում խաղաղ գոյակցության և կայուն զարգացման հեռանկարները։
--00—ՅՄ