Ալիևի ռեժիմը ագրեսիայի տեղեկատվական ֆոն է ստեղծում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Վերջին օրերին ադրբեջանական կողմն ակնհայտորեն փորձում է տեղեկատվական լարվածության ֆոն ստեղծել տարածաշրջանում՝ սահմանին հրադադարի ռեժիմի խախտման մասին ապատեղեկատվություններ տարածելով։ 

1 օրում երեք հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 09։45-ի սահմաններում,ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Նույն բովանդակությամբ հաղորդագրություն տարածեցին նաև 18։35-ի և 20։10-20։45-ի միջակայքում ընկած ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ։ Ի պատասխան հայկական կողմը երեք դեպքերում էլ հերքեց տարածվող տեղեկատվությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 20։10-20։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել»։

Հատկանշական է, որ ադրբեջանական կողմն ապատեղեկատվությունների ինտենսիվ ֆոն սկսեց ստեղծել այն բանից հետո, երբ հենց իրենք էլ ԱԳ նախարարի մակարդակով առաջինը հայտարարեցին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացի ավարտի վերաբերյալ։

ՀՀ արտաքին դիվանագիտական գերատեսչությունն էլ հաստատելով տեղեկատվությունը, հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։

Ադրբեջանցիների կողմից տարածվող սահմանային ռեժիմի խախտման դեպքերի վերաբերյալ իր կարծիքն է հայտնելով քպ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը հույս է հայտնել, որ այն լավ բանակցված փաստաթուղթ է․«Ադրբեջանի՝ ՀՀ ԶՈՒ կողմից իրենց դիրքերի վրա հարձակումների մասին շարունակական կեղծ պնդումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ երկկողմանի համաձայնեցված խաղաղության պայմանագիրը լավ բանակցված փաստաթուղթ է մեր համար»։

Նշենք նաև, որ այս տեղեկատվություններով պայմանավորված Մարտի 16-17-ը Եվրոպական միության ներկայացուցչությունը Հայաստանում պարեկներ է ուղարկել Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով տարբեր հատվածներ:

«Իրավիճակը մնում է հանգիստ և հանդարտ, ոչ մի արտառոց ակտիվություն չի նկատվում»,- ասված է ԵՄ առաքելության տարածած հաղորդագրության մեջ։

24News-ը կապ հաստատեց Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնավայրի վարչական ղեկավար Խաչիկ Բաղդասարյանի հետ, հասկանալու համար, թե ի՞նչ իրավիճակ է այս պահին գյուղում և սահմանին։

«Վիճակը սահմանին հանդարտ է, կրակոցներ չկան։ Գյուղում վիճակը նորմալ ա, գարուն ա, ամենն իրան հողով զբաղվում են, հարմարվել են»,- ասաց Բաղդասարյանը։

Վարչական շրջանի ղեկավարից հետաքրքրվեցինք վերջին 1 տարվա ընթացքում կրակոցներ եղե՞լ են, ինչի ի պատասխան Բաղդասարյանը նշեց, որ չեն նստել հաշվել․

«Կարող է եղել է, բայց չենք լսել, համենայնդեպս  լուրջ միջադեպեր չեն եղել, 5-10 րոպե հնարավոր է կրակել են»։

--00—ՅՄ