ՀՀ ՊՆ-ն պատրաստ է հետաքննել Ադրբեջանի հաղորդագրությունները՝ փաստերի փոխանցման դեպքում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

.

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը հայտարարություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից վերջին օրերին տարածվող կեղծ հաղորդագրությունների վերաբերյալ, թե իբր հայկական զինված ուժերը սահմանի տարբեր հատվածներում կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որում մասնավորապես ասված է.

«ՀՀ պաշտպանության նախարարության 2025 թվականի մարտի 17–ի հաղորդագրության մեջ արձանագրվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը  պատրաստ է հետաքննել Ադրբեջանի հաղորդագրությունները հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ–ին փոխանցելու պարագայում։ 

Արձանագրում ենք, որ այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցվել ՀՀ բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։  

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը՝ վերահաստատելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին իր առաջարկը, հայտարարում է, որ ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։ 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունն առաջնորդվում է խաղաղության օրակարգով, ինչի անհերքելի ապացույցն են Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնականացմանն ուղղված քայլերը։ 

Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը եւ տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը կարեւորագույն քայլ է եւ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը կոչ է անում մեկնարկել խորհրդակցությունները համաձայնագրի ստորագրման տեղի եւ ժամկետների վերաբերյալ»:

Հայտարարությունը ամբողջությամբ այստեղ:

--00--ԱՀ