ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
ՌԴ-ում քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով՝ կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից բժշկական ապրանքների արտահանումը: Հրապարակված հրամանագրին կարող եք ծանոթանալ կառավարության պաշտոնական կայքում:
Խոսքը վերաբերում է պաշտպանիչ դիմակներին, որոշ ախտահանող և հակավիրուսային միջոցներին, պաշտպանիչ ռեսպիրատորներին, կոշկագուլպաներին (բախիլներ) և մի քանի այլ ապրանքներին:
Արգելքը չի գործի մարդասիրական օգնությանը, ինչպես նաև քաղաքացիների կողմից մեկանգամյա և անձնական օգտագործման ապրանքները երկրից դուրս բերելուն: Ըստ հրապարակման՝ արգելքը կգործի մարտի 4-ից մինչև հունիսի 1-ը։
Վերջին տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում հաստատվել է COVID-19 վարակման 93570 դեպք, որից 3204-ը` մահվան ելքով: Վերականգնվել է 50997 մարդ, վիրուսը տարածվել է 81 երկրում։
Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։