ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Թուրքիայի արևմտյան Դենիզլի նահանգի Սարաքյոյ շրջանում կորոնավիրուսով վարակված 38-ամյա տղամարդը փախել է հիվանդանոցից։ Այդ մասին գրում է ermenihaber.am-ը:
Սարայքյոյի բնակիչ Ուֆուքը հիվանդանոցի շենքի 2-րդ հարկի պատուհանից կապել է իրար ամրացված սավանները և որպես պարան օգտագործելով՝ փախել է հիվանդասենյակից։
Սակայն կարճ ժամանակ անց բուժհաստատության աշխատակիցների ահազանգից հետո ոստիկանները նրան գտել և տեղափոխել են հիվանդանոց։ Նա այժմ կրկին բժիշկների վերահսկողության տակ է։
Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ տղամարդը կորոնավիրուսի կասկածանքով հոսպիտալացվել էր: Նա ախտորոշման թեստ էր հանձնել, պատասխանը՝ դրական: