ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
Թուրքիայի նախկին վարչապետ, նորաստեղծ «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է մայիսի 11-ից իշխանությունների կողմից կորոնավիրուսի հետ պայմանավորված որոշ սահմանափակումների վերացմանը։ Այս մասին Դավութօղլուն գրառում է արել Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում, փոխանցում է Ermenihaber-ը:
Նա նշել է, որ մայիսի 11-ից Թուրքիայում սկսվում է կորոնավիրուսի ճգնաժամից դեպի բնականոն կյանք անցնելու գործընթացը։
«Բացվում են առևտրի կենտրոնները։ Եթե այլևս մարդկանց համակեցությունը խնդիր չէ, ապա ինչու՞ են մզկիթները մնում փակ։ Եթե համակեցությունը դեռևս վտանգ է ներկայացնում, ապա ինչու՞ են առևտրի կենտրոնները բացվում։ Վիրուսը, որն առևտրի կենտրոն չի մտնում, մզկի՞թ է ներթափանցելու»,- գրել է նա։
Դավութօղլուն իշխանություններին կոչ է արել հետևողական լինել կորոնավիրուսի ճգնաժամային իրավիճակին ուղղված միջոցառումներ իրականացնելիս։