ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News
Իրանի բոլոր մզկիթները մայիսի 12-ից ժամանակավորապես բաց կլինեն այցելության համար, հաղորդում է IRIB լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով զարգացման իսլամական կազմակերպության տնօրեն Մոհամեդ Քոմիին, փոխանցում է Ալ-Ջազիրա-ն:
Մզկիթների՝ ժամանակավոր վերաբացումն իրականացվում է կառավարության՝ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների ռեժիմի թուլացման ծրագրի շրջանակում։
Հաղորդվում է, որ աղոթքի տները բաց կլինեն միայն երեք օր՝ նվիրված սուրբ Ռամադան ամսվա նշանակալի գիշերին: Դեռևս պարզ չէ՝ արդյոք մզկիթները բաց կմնան եռօրյա ժամկետի ավարտից հետո:
Հիշեցնենք, որ Իրանն աշխարհում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով 10-րդ տեղում է: Երկրում գրանցվել է 109 286 կորոնավիրուսային հիվանդության դեպք, որոնցից 6685-ը՝ մահվան ելքով: Ապաքինվել է 87 422 քաղաքացի: