ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են արել անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարման ուղղությամբ:
Համանախագահները` Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ.
«Համանախագահները տագնապով են արձանագրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող բռնությունը:
Համանախագահները կոչ են անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարման ուղղությամբ` տարածաշրջանի համար աղետալի հետևանքները կանխելու համար:
Համանախագահները կրկին հայտարարում են, որ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերն անթույլատրելի են ցանկացած պարագայում:
Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ կյանքի կոչել հումանիտար հրադադարը` ապահովելու համար զոհվածների մարմինների վերադարձը, ռազմագերիների ու անազատության մեջ գտնվող անձանց փոխանակումը, նաև կոչ են անում անհապաղ համաձայնեցնել հրադադարի պահպանման մոնիթորինգի մեխանիզմները:
Հաղորդվում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցներից հետո համանախագահները կողմերի հետ աշխատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացի առարկայական հարցերի շուրջ՝ բանակցային լուծման հասնելու նպատակով»:
--00--ԱԹ