ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում խնդրանք-գրառմամբ դիմել է քաղաքացիներին.
«Երբ կառավարությունը կոմպետենտ չէ և չի կարողանում մարդկանց բացատրել, թե ինչ է կատարվում ու ինչպես պետք է մենք մեզ պահենք, ապա ամեն ինչ մնում է հանրության կազմակերպչական ու գիտակցական ունակությունների վրա: Ինչպես շատ ոլորտներում, այդպես էլ քաղաքական հարցերում ստիպված ենք ինքնակազմակերպվել:
Հիմա ըստ էության:
Իսրայելի կառավարության պահվածքը շատերին է զայրացրել, ինչի արդյունքում հակահրեական տրամադրություններ են առաջացել: Դա հասկանալի է, սակայն մի բան է Իսրայելի կառավարությունը, մեկ այլ բան հրեա ժողովուրդն և դա մենք պետք է միմյանցից զատենք:
Հրեաներն ամենակրթված ու ամենաանհատապաշտ ժողովուրդներից մեկն է (համարյա յուրաքանչյուրն ունի իր ուրույն տեսակետն ու իր տառականները գլխում), որոնք ունեն շատ բարդ ծագուբնաբանական ու կրոնական կառուցվածք: Իսրայելի հասարակությունը բաղկացած է բազմաթիվ, հաճախ միմյանց չընդունող, հատվածներից:
Կրոնական առումով ավանդական սեֆարդներ ու աշքենազիներ, որոնք տարբեր կրոնական կենտրոններ ունեն, օրթոդոքսներ՝ բազմաթիվ ուղղություններ, նաև պայմանական ասած իրենց «բողոքականները» - ռեֆորմիստական ուղղությունները, հաճախ միմյանց նկատմամբ անհաշտ, կան աշխարհիկ հրեաներ, որոնք, մեղծ ասած, տանել չեն կարողանում կրոնամոլներին:
Դրանցից բացի, կան տարբեր էթնիկ ծագում ունեցողներ՝ Եթովպիայի սևամորթ հրեաներ՝ ֆալաշներ, Իրանի, Իրաքի, Մարոկկո, Հնդկաստանի ․․․ հրեաներ, եվրապական տարբեր երկրների տարբեր, հաճախ իրարամերժ, մշակույթ ունեցողներ և այլն: Այդ եռացող խառնարանում ապրող հրեաները միմյանց հետ դժվարությամբ են լեզու գտնում: Անգամ ամենահայտնի հակասեմիթները նույնպես հրեաներ են:
Քաղաքական ասպարեզում հրեաները նույնպես չեն կարողանում կայուն կառավարություն ձևավորել, դա է ցույց տալիս միմյանց հաջորդող անարդյունավետ ընտրությունները, մասնավորապես ներկա վարչապետին՝ Նաթանյահուին, ատողների թիվը մեծ է:
Տարբեր է նաև մեր հանդեպ վերաբերմունքը: Իսրայելի մի քանի կայքերում օնլայն հարցումները ցույց են տալիս, որ հրեաների մեծամասնությունն աջակցում է հայերին: Հայերին են աջակցում բազմաթիվ հրեա մտավորականներ, քաղաքագետներ, մշակույթի գործիչներ և դա անում են հրապարակավ ու շատ ակտիվ: Հեռու չգնանք, տեսեք ռուսական մամուլում մի շարք հրեաներ ինչպիսի մեծ գործ են անում մեզ համար, ձևավորելով բարենպաստ հանրային կարծիք:
Հրեաների այդ բազմաբնույթ ու բազմաշետ խառնարանին մեկ բան է կարողանում միավորել՝ վտանգն, որի դեպքում նրանք միավորվում են այնպես, ինչպես մենք նման պահերին: Հրեաները շատ զգայուն են հակասեմականության հանդեպ: Դա իրենց միավորում է:
Խնդրում եմ, քննադատեք, հայհոյեք ու ինչ ուզում եք արեք Իսրայելի կառավարությանն որոշ անհատներին, անձամբ իրենց վարչապետին, սակայն զերծ մնացեք հակահրեական մեկնաբանություններից: Կարճ ասած՝ ազգին մի կպեք:
Հայերի թեման հրեական մամուլում հիմա շատ է շոշափվում: Շատ խիստ քննադատվում է կառավարության քաղաքականությունը, սակայն նշում են, որ իրենք, որպես անհատներ, իրենց կողմից սատարում են մեզ և ամաչում իրենց կառավարության համար, անգամ ներողություն են խնդրում: Սակայն չեն հասկանում, երբ իրենց որպես ազգ են մեղադրում: Դա այն է, ինչը հիմա պետք է Ադրբեջանին:
Հայերի կողմից հնչող հակահրեական արտահայտությունները՝ մեր մամուլում ու սոցցանցերում, ուշադիր հետևում է: Նրանք, ինչպես մենք, զգայուն են նման արտահայությունների հանդեպ:
Մեզ պետք չեն ավելորդ թշնամիներ, հատկապես նման կիրթ ու ինդիվիդուալիստական հատկություններ ցուցաբերող ժողովրդի տեսքով:
Կառավարությանն ու քաղաքական որոշումներ ընդունողներին պետք չէ խառնել մնացածների հետ (կառավարությունն մեր արյան հաշվին Ադրբեջանի միջոցով փորձում է Իրանի հարցը լուծել):
Եղեք պատասխանատու ու երկչափանի ինտելեկտուալ կոորդինատային համակարգից դուրս եկեք»:
--00--ԱԹ