ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News
ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի պատասխանին՝ ուղղված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին:
«Պաշտոնական Երևանը հրապարակային «բողոքի նոտա է» հղում ՀԱՊԿ-ին՝ կառույցի որդեգրած ոչ համարժեք կեցվածքի համար։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ քարտուղարի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության որոշ ձևակերպումների և գնահատականների վերաբերյալ:
Ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ, քանի որ արդեն տևական ժամանակ է Ադրբեջանի զինվորականները չեն լքում ՀՀ սուվերեն տարածքը:
Արմեն Գրիգորյանը շեշտել է, որ ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն՝ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված կառուցողական ջանքերը հարվածի տակ չդնելու համար»:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ Հայաստանի հարավում իրավիճակի սրացումը՝ կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ, սահմանային միջադեպ է և չի առնչվում ՀԱՊԿ-ի հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթների հետ:
«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ն օգտագործում է իր ներուժը միայն ագրեսիայի, հարձակման դեպքում՝ անդամ երկրներից մեկի վրա։ Այստեղ մենք գործ ունենք սահմանային միջադեպի հետ։ Փառք Աստծո՝ զոհեր այնտեղ չկան, կրակոցներ ևս չկան։ Դա սահմանային միջադեպ է, որը պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն»,- հայտարարել էր Զաս։
ԱԽ քարտուղարը արձագանքել էր Զասի հայտարարությանը։ Պաշտոնական տեքստում նշվում էր․ «ԱԽ քարտուղարը համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ, քանզի արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի զինծառայողները չեն լքում ՀՀ սուվերեն տարածքը: Հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմի գործողությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մի մասի բռնազավթման ակնհայտ փորձ են, Արմեն Գրիգորյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն՝ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված կառուցողական ջանքերը հարվածի տակ չդնելու համար»:
--00—ԼՄ