ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակվել է 20 միլիոն դրամի չափով տուգանք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀԷՑ-ի նկատմամբ տուգանք նշանակելու մասին որոշումը միաձայն ընդունվեց հանձնաժողովի` մարտի 13-ի նիստում։
Ինչպես նշվեց օրակարգային հարցի քննարկմանը՝ հանձնաժողովն իրականացրել է 2023 թվականի 1-ին և 3-րդ եռամսյակների ընթացքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կողմից սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միացման գործընթացի վերլուծություն, որի արդյունքում պարզվել է, որ մի շարք դեպքերում չեն պահպանվել էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով (կանոններ) սահմանված ժամկետները։
Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքը` հանձնաժողովը ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ` վերոնշյալ պահանջների հնարավոր խախտման փաստի ուսումնասիրության նպատակով։
Վարույթի շրջանակում ընկերությունը ներկայացրել է իր պարզաբանումները, մասնավորապես՝ կանոններով սահմանված ժամկետների չպահպանումը պայմանավորելով բնակիչների կողմից աշխատանքների խոչընդոտմամբ, սպառման համակարգերն էլեկտրաէներգիայի ընդունմանը պատրաստ չլինելով, տեղական ինքնակառավարման մարմինների գործողություններով և այլն։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ