ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
24News-ը հոդված էր հրապարակել այն մասին, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում, որը տարեսկզբից 2 անգամ անընդմեջ հայտարարել է G4 և G6 տեսակի բնական գազի կենցաղային հաշվիչների ձեռքբերման մրցակցային գնում, որոնք շատ արագ չեղյալ են հայտարարվել այն պարագայում, երբ երկու մրցույթներին էլ եղել է մասնակից։ Ի պատասխան մեր հոդվածի, ընկերությունից ստացել ենք պատասխան, որն էլ հրապարակում ենք ամբողջությամբ։
«24news.am լրատվական կայքում 12.03.2024թ․ հրապարակված` «Գազպրոմ Արմենիան» գնման գործընթացում խոչընդոտնե՞ր է ստեղծում. ահազանգ» վերնագրով նյութի վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտնում է, որ Ընկերության կողմից G4 և G6 տեսակի բնական գազի կենցաղային գազահաշվիչների ձեռքբերման մրցակցային գնումը կազմակերպվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի և դրա հիման վրա Ընկերույթան հաստատած գնումների Կարգի հիման վրա:
Մասնավորապես, 1-ին մրցույթը, նախքան մրցույթի բացումը, չեղարկվել է՝ ելնելով գնման առարկա հանդիսացող հաշվիչները տեխնիկական փորձաքննության ենթարկելու անհրաժեշտությունից, որով պայմանավորված վերանայվել է մրցույթի հրավերը: Վերջինիս համար հիմք են հանդիսացել թե՛ բնակչությունից և թե՛ Ընկերության մասնաճյուղերից ստացված բողոքները՝ «ՄՏԿ» ՓԲԸ-ից ձեռք բերված հաշվիչների շահագործման ընթացքում ի հայտ եկած որակական և տեխնիկական խնդիրների վերաբերյալ: Այս հանգամանքը հաստատվում է 2-րդ մրցույթի վերանայված հրավերով, որում հնարավոր մասնակիցներին առաջարկվել է ներկայացնել հաշվիչների նմուշներ՝ փորձաքննության համար:
2-րդ մրցույթի միակ մասնակիցը հանդիսացել է «ՄՏԿ» ՓԲԸ-ն: Միակ մասնակցի կողմից ներկայացված հաշվիչների տեխնիկական փորձաքննության արդյունքներով բացահայտվել են թվով 9 տարբեր տեսակի խնդիրներ և, տեխնիկական եզրակացության արդյունքում, տվյալ տեսակի գազահաշվիչների ձեռքբերումը համարվել է ոչ նպատակահարմար:
Ավելորդ չենք համարում նշել, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տասնյակ տարիներ ձեռք է բերել կենցաղային գազի հաշվիչներ և նման խնդիրներ առաջին անգամ են ի հայտ եկել:
«ՄՏԿ» ՓԲԸ-ի պնդումն առ այն, որ «ՄՏԿ» ՓԲԸ-ի հայտը մերժվել է միայն հաշվիչի արտաքին չափերից մեկը 8 մմ-ով ավել լինելու պատճառով, իրականության հետ որևէ աղերս չունի, քանի նշված ընկերությանը տրամադրվել է համապատասխան տեխնիկական եզրակացություն, որում մանրամասն նկարագրված են բացահայտված լուրջ խնդիրները (կից Ձեզ ենք ներկայացնում «ՄՏԿ» ՓԲԸ-ին տրամադրված համապատասխան Արձանագրությունը):
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համար հասկանալի են նաև «ՄՏԿ» ՓԲԸ-ի սուբյեկտիվ և անհիմն եզրահանգումները, քանի որ նշված ընկերությունը հանդիսանալով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մատակարարներից մեկը, պարբերաբար ցուցաբերել է անբարեխիղճ վարքագիծ՝ բազմակի անգամ ուշացնելով մատակարարումները, որի արդյունքում ենթարկվել է մի քանի տասնյակ միլիոնների հասնող տույժերի», - գրված է մեզ ուղղված ընկերության տեքստում։
--00—ՅՄ