ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Հայ Առաքելական եկեղեցին Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո՝ քառասուն օրական Հիսուսին տաճար ընծայաբերելու օրը նշում է Տեառնընդառաջը։ Տոնի ծիսական արարողակարգը սկսվում է փետրվարի 13-ին՝ երեկոյան ժամերգության ավարտին, երբ սկսվում է նախատոնակը և ըստ եկեղեցական տոնացույցի փոխվում է օրը:
Այս տարի ևս Կապանի համայնքապետարանը, համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդը և Կապանի մշակույթի կենտրոնը համատեղ կազմակերպել էին Տեառնընդառաջի տոնակատարությունը, որին մասնակցում էին նորապսակ զույգերը։
Վահանավանքի վանական համալիրում հոգևոր հովիվ տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանի գլխավորությամբ կատարվեց նորապսակների օրհնության կարգ։
Այնուհետև եկեղեցու բակում վառվեց տոնի խորհրդանիշ կրակը, և վերջին մեկ տարում ամուսնացած կապանցի նորապսակները զույգերով թռան կրակի վրայով: Բոլորին բաժանվեց նաև տոնին հատուկ փոխինձ` բոված ցորեն, չամիչ, ընկույզ:
Միջոցառումը եզրափակվեց միասնական շուրջպարով, քաղցր ու համեղ հյուրասիրությամբ և տարվա խաչքավոր Սմբատ Մարտիրոսյանի կողմից պատրաստված նվերների հանձման արարողությամբ։
--00—ՍՊ