ԱՄՆ պետքարտուղարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

գգ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 13-ին ներկա է գտնվելու Մյունխենի անվտանգության համաժողովին՝ նախքան մերձավորարևելյան իր շրջագայությունը՝ այս մասին տեղեկացրել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը։

Գերատեսչության հաղորդագրությունից նաև տեղեկանում ենք, որ Մյունխենում Ռուբիոն նախատեսում է մասնակցել Մեծ յոթնյակի արտգործնախարարների հանդիպմանը և ԱՄՆ գործընկեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ քննարկել Վաշինգտոնի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։

«Մյունխենում գլխավոր նպատակը մեր դիրքորոշումը հաստատելն է։ Թեև համաժողովը Եվրոպայում է, սակայն խոսքը միայն Եվրոպայի մասին չէ։ Այնտեղ հավաքվում են առաջնորդներ ողջ աշխարհից։ Բայց, իհարկե, բոլորի համար գլխավոր խնդիրը լինելու է Ուկրաինայի պատերազմը։ Նախագահ Թրամփը հասկացրել է, որ այս պատերազմը պետք է ավարտվի։ Նա սկսում է այս գաղափարի իրականացման լայն ծրագիր ձևակերպել, քանի որ հակամարտության դադարեցումը բխում է բոլոր կողմերի շահերից։ Կքննարկենք այդ հարցը արտգործնախարարների և [երկրների] այլ առաջնորդների հետ»,- ավելի վաղ՝ Patriot փոդքասթի շրջանակում ասել էր Մարկո Ռուբիոն:

--00—ՍՊ