ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
«Գեղարդ» հիմնադրամ․ Ռուս-ադրբեջանական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել վայրիվերումներով։ Չնայած տարբեր ոլորտներում սերտ համագործակցությանը՝ ժամանակ առ ժամանակ այդ հարաբերություններում նկատվում է լարվածութուն։
2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման ծառայողական հետաքննության ավարտը հանգեցրել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների հերթական լարվածությանը։ Մոսկվան և Բաքուն իրենց դեսպաններին միաժամանակ հրավիրել են արտաքին քաղաքական գերատեսչություններ։
Ծառայողական հետաքննության արդյունքների հրապարակումն ադրբեջանական մամուլում առաջացրել է հակառուսական տրամադրություններ։ Չնայած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել ինքնաթիռի կործանման համար, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղիղ մեղադրանք է ներկայացրել Ռուսաստանին։ Պաշտոնական Բաքուն պատրաստվում է հայց ներկայացնել միջազգային դատարան՝ ընդդեմ Ռուսաստանի՝ AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման առնչությամբ։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այդ հարցի շուրջ Ռուսաստանի հետ երկխոսության դռները բաց են մնում, սակայն Մոսկվան պետք է «բացահայտ ընդունի իր մեղքը և պատասխանատվություն կրի»։ Միաժամանակ Բաքուն պաշտոնական ծանուցում է ուղարկել ռուսական կողմին՝ Ադրբեջանի տարածքում «Россотрудничество» գործակալության ներկայացուցչության «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։
2025 թվականի հունվարին «Россотрудничество» գործակալության ղեկավար Եվգենի Պրիմակովն ադրբեջանական «Baku TV» հեռուստաալիքին սպառնացել է դատական հայցով: Նա խոսել է իշխանական լրատվամիջոցի կողմից պատրաստված ռեպորտաժի մասին, որը նկարահանվել է Բաքվում՝ Ռուսական մշակութային կենտրոնի դիմաց: Ադրբեջանցի լրագրողն իր խոսքում «Ռուսական տունն» անվանել է «լրտեսների և անջատողականների որջ», ինչը զայրացրել է Պրիմակովին։ Վերջինս նշել է, որ հեռուսատընկերությունը ֆինանսավորվում է ադրբեջանական իշխանությունների կողմից․ «Այժմ թող «Baku TV»-ն ապացուցի, որ այդ գործունեությունը լրտեսություն է կամ ինչ-որ կերպ անօրինական է»։
Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Վալուևն, անդրադառնալով ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրմանն ու Ադրբեջանում «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելուն, նշել է, որ Մոսկվայի արձագանքը պետք է նույնը լինի: Վալուևն առաջարկել է փակել Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի կազմակերպությունները, սահմանափակել ադրբեջանական բիզնեսը, երկրում անօրինական ապրող ադրբեջանցիներին արտաքսել, ՌԴ-ում օրինական բնակություն հաստատած ադրբեջանցիներին ռազմաճակատ ուղարկել և այլն: 2025 թվականի փետրվարի 10-ին հայտնի է դարձել, որ արգելվել է Նիկոլայ Վալուևի մուտքն Ադրբեջան: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի՝ ռուսաստանցի պատգամավորը վիրավորական և սպառնալից հայտարարություններ է արել Ադրբեջանի ժողովրդի և պետության հասցեին։ Դա է պատճառը, որ նրա անունը ներառվել է Բաքվի համար անցանկալի անձանց ցուցակում։
Ադրբեջանում տիրող հակառուսական ալիքի ֆոնին ռուս փորձագետները, սակայն, կարծում են, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները հասել են դաշնակցային ամենաբարձր մակարդակի։ Դրան նպաստել է նաև Ռուսաստանի նախագահի 2024 թվականի օգոստոսի 18-19-ը Բաքու կատարած պետական այցը, որը պաշտոնական 8-րդ այցն էր։ Առհասարակ, ռուս-ադրբեջանական օրակարգը ներառում է համագործակցության լայն շրջանակ՝ ընդգրկելով քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և ռազմական ոլորտներ։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանը նպաստել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2022 թվականի փետրվարին Կրեմլում ստորագրած դաշնակցային գործակցության մասին հռչակագիրը, որը ներառում է 43 կետ։
Ռուսաստանի և Ադրբեջանի փոխհարաբերություններում խիստ կարևոր է նավթագազային արդյունաբերության ոլորտը։ Այստեղ երկուստեք հարաբերություններն ավելի են ամրապնդվել ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում, երբ արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Մոսկվան դադարեցրել է գազի արտահանումը եվրոպական երկրներ։ Այդ ընթացքում Ադրբեջանը համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ, որով ավելացրել է գազի արտահանումը եվրոպական երկրներ, որոնք մնացել էին առանց ռուսական գազի։ Զուգահեռ՝ Բաքուն ու Մոսկվան կնքել են առքուվաճառքի պայմանագիր, որով սկսվել են ռուսական գազի մատակարարումներն Ադրբեջան։ «Գազպրոմ էքսպորտի» և «SOCAR»-ի ստորագրած փաստաթղթի համաձայն՝ ռուսական «Գազպրոմը» մինչև 2023 թվականի մարտ ամիսը Ադրբեջանին մատակարարել է 1 մլրդ խմ գազ։
Այնուամենայնիվ՝ այս երկու երկրների միջև պետական մակարդակով այսպիսի սերտ համագործակցությանը զուգահեռ՝ ադրբեջանական հասարակության ներսում ժամանակ առ ժամանակ տրամադրությունները հակառակ ուղղությամբ են փոխվում։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներում անգամ հանդիպում են գիտական խեղաթյուրումներ։ Այսպես՝ Բաքվի Կովկասի պատմության կենտրոնի տնօրեն Ռիզվան Հուսեյնովը նշել է, որ պատմությանը հայտնի «ռուս-պարսկական պատերազմներ» տերմինը չի համապատասխանում իրականությանը, և այն պետք է վերանվանել «ռուս-ադրբեջանական պատերազմներ»։
Հակառուսական տրամադրություններն Ադրբեջանում ավելի ցայտուն դրսևորվել են 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ ռուս խաղաղապահները տեղակայվել են Արցախում։
Ռուս փորձագետները նշում են, որ ադրբեջանական լրատվամիջոցներն ունեն ռուսաֆոբ դիրքորոշում։ 2022 թվականին ադրբեջանական մամուլում առկա հակառուսական տրամադրություններին անդրադարձել է նաև Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը․ «Մենք բազմիցս ստիպված ենք եղել Ադրբեջանի իշխանությունների ուշադրությունը հրավիրել տեղական ԶԼՄ-ներում տիրող հակառուսական հիստերիայի վրա»,- Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Մ. Բոչարնիկովը։ Այս համատեքստում հետաքրքիր է Ադրբեջանի ԱԳՆ-ի նախկին աշխատակից Թամերլան Վագաբովի պնդումը, որ Ադրբեջանում ներկայիս հակառուսական արշավը լավ մտածված պետական ռազմավարության մաս է։
Հարկ է ընդգծել, որ Մոսկվայի վարած քաղաքականությունից գրեթե մշտապես դժգոհող Ադրբեջանը ռուսալեզու լրատվամիջոցների քանակով առաջատարն է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների շարքում։ Ադրբեջանում գործում է 50 ռուսալեզու տպագիր հրատարակություն և 7 լրատվական գործակալություն։
Չնայած պաշտոնական մակարդակով Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ համագործակցությունը շարունակում է զարգանալ՝ պայմանավորված քաղաքական, տնտեսական շահերով, սակայն ակնհայտ է, որ ներկայումս ադրբեջանական հասարակության ներսում վստահության պակաս կա դեպի Ռուսաստանը, որը ժամանակ առ ժամանակ դառնում է պայթյունավտանգ։
--00—ՍՊ