ԵՄ խորհուրդը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

եմ.p

Եվրամիության խորհուրդը հաստատել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի առաջարկած եվրահանձնակատարների ցուցակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը։ Որոշումն այժմ կուղարկվի Եվրախորհրդարանի հաստատմանը։

«Խորհուրդն այսօր Եվրահանձնաժողովի ընտրված նախագահի հետ ընդհանուր համաձայնությամբ հաստատել է այն անձանց ցուցակը, որոնց առաջարկվում է Հանձնաժողովի անդամներ նշանակել մինչև 2029 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակաշրջանի համար», - ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի 25 եվրահանձնակատարներից, ցուցակում առանձին նշվում է Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալլասը. նա կդառնա ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ՝ այդ պաշտոնում փոխարինելով Ժոզեպ Բորելին։

Եվրահանձնաժողովի ղեկավարը հանձնաժողովի նոր կազմի ցուցակը ներկայացրել էր սեպտեմբերի 17-ին։ Նոր կազմում կան նաև նոր պաշտոններ։ 

Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ իր գերատեսչության նոր կազմի մեջ պետք է մտնի 11 կին, ինչը համապատասխանում է կազմի 40 %-ին։ Եվրահանձնաժողովի նոր կազմը աշխատանքը կսկսի նոյեմբերի 1-ից, եթե բոլոր թեկնածուները հաստատվեն Եվրախորհրդարանի կողմից։

--00—ԼՀ