ՀՀ դեսպանը Սաքսոնիա Անհալթ դաշնային երկրամասում «խաղաղության խաչմերուկն» է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

ս
Հունվարի 29-ին տեղի ունեցավ ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի այցը Սաքսոնիա Անհալթ դաշնային երկրամասի մայրաքաղաք Մագդեբուրգ։ Այցի շրջանակներում դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպեց երկրամասի վարչապետ դր․ Ռայներ Հազելոֆի ՔԴՄ հետ։ Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Սաքսոնիա Անհալթի միջև կրթության, մշակույթի, գիտության, տնտեսության, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հետագա խորացման հնարավորությունները։ Դեսպան Ենգիբարյանը զրուցակցին ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգի մաս։
 
ՀՀ դեսպանը Ռայներ Հազելոֆին հրավիրեց այցելել Հայաստան։
 
Հանդիպմանը ներկա էին նաև Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարար Եվա Ֆոյսները, պետնախարար Ռայներ Ռոբրան, Սաքսոնիա-Անհալթում Հայաստանի պատվավոր հյուպատոս Միխաել Շմիդտը, պատվավոր հյուպատոսի գրասենյակի ղեկավար Թոմի Լոֆլերը, դեսպանության 3-րդ քարտուղար Արմենուհի Թադևոսյանը։
Սաքսոնիա-Անհալթ դաշնային երկրամասը երկար տարիներ առանձնահատուկ հարաբերություններ է պահպանում Հայաստանի հետ, որի համար հիմք է հանդիսացել 2005թ․ ստորագրված համատեղ հուշագիրը։ 2022թ․ նոյեմբերին ՀՀ Արմավիրի մարզի և Սաքսոնիա Անհալթ երկրամասի Բուրգենլանդ շրջանի, ինչպես նաև ՀՀ Արմավիր քաղաքի և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Նաումբուրգ քաղաքի միջև կնքվել են համագործակցության հուշագրեր։

 Գործընկերության մասին հուշագիր են ստորագրել նաև Հալլե և Գյումրի քաղաքները։ Երկրամասի հետ շփումները ունեն մեծ պարբերականություն՝ սկսած դպրոցների միջև համագործակցությունից, բուհեր և մշակութային կապեր։ Գիտակրթական ոլորտում նշանակալի դերակատարություն ունի Հալլե-Վիտտենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնը։
 
Երկկողմ համագործակցության խթանման նպատակով ընթացիկ տարում նախատեսվում է Սաքսոնիա Անհալթ դաշնային երկրամասից երկու պատվիրակությունների այց Հայաստան։
 

--00—ՍՊ