ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Նախագծի ընդունումը պայմանավորված է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի պահանջով, ըստ որի՝ էլեկտրոնային առողջապահական համակարգի տվյալների հիման վրա Միասնական սոցիալական ծառայության կողմից ապահովվելու է մայրության նպաստի նշանակումն ու վճարումը: Այս մասին ասել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 4-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենսդրական նախաձեռնությունն ընդունվելու դեպքում կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացն ու կապահովվի հասցեականությունը. էլեկտրոնային առողջապահության համակարգի տվյալների հիման վրա նպաստը կնշանակի եւ կվճարի Միասնական սոցիալական ծառայությունը:
Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրմամբ հնարավորություն է տրվում չաշխատող անձին մայրության նպաստի համար անհրաժեշտ տեղեկատվության ինքնաշխատ փոխանակման միջոցով նպաստների նշանակման գործընթացն իրականացնել առանց քաղաքացու կողմից տարածքային կենտրոն ներկայանալու եւ փաստաթղթեր ներկայացնելու:
Մանրամասն ներկայացնելով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները՝ Դավիթ Խաչատրյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: Հիմնական զեկուցողը, անդրադառնալով օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելու ժամանակահատվածին, համոզմունք է հայտնել, որ մինչեւ սեպտեմբերի 1-ը կապահովվի թվային համակարգը, որն ամբողջությամբ թույլ կտա հարցերը կարգավորել էլեկտրոնային եղանակով: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալն ընդգծել է նախագծի ընդունման կարեւորությունը՝ առաջարկելով կողմ քվեարկել:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
--00--ԱՀ