Երևան ավտոբուս ՓԲԸ-ի 2 վարորդի ինքնազգացողությունը վատացել է ակցիայի ընթացքում․ քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի 2 վարորդի այսօր տեղի ունեցած բոյկոտի, բողոքի ակցիաների ժամանակ բժշկական օգնություն ցույց տալու կարիք է առաջացել: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Վարորդների ինքնազգացողությունը վատացել է, նրանց երկուսի մոտ ճնշումն է բարձրացել»,- մանրամասնեց Կոստանյանը:

Վարորդներից մեկը վարել է թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը, մյուսը` 22 համարի: Երկու դեպքերն էլ տեղի են ունեցել Նոր Նորք վարչական շրջանում:

«Երկու վարորդների դեպքում էլ կապ են տվել «Ավտոբուս ՓԲԸ», այլ վարորդներ եկել են, ուղեկցել են ՓԲԸ»,- ասաց խոսնակը:

Նշենք նաև, որ այսօր 24News-ի նկարահանման ընթացքում ևս մեկ դեպք արձանագրվեց, երբ տեղի էր ունենում Հայկ Մարությանի և աջակիցների բողոքի ակցիան: Ուղևորներից մեկը, բոյկոտելով հանրային տրանսպորտի սակագնի թանկացումը, ավտոբուս բարձրանալիս 100 դրամ էր դրել ավտոբուսում, ինչը հարուցեց վարորդի զայրույթը: Թիվ 36 երթուղու ավտոբուսներից մեկը սպասարկող վարորդի խոսքով՝ այդ 100 դրամի համար իրեն գործից կազատեն:

Հիշեցնենք նաև, որ չորրորդ օրն է, ինչ Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցություններն ու քաղաքացիները մայրաքաղաքում բողոքի ակցիաներ են իրականացնում ընդդեմ տրանսպորտի արժեքի թանկացման: Որոշումն ընդունվեց հունվարի 31-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստում` 33 կողմ ձայնով, որով հանրային տրանսպորտի մեկ ուղևորության արժեք սահմանվեց` 150 դրամ նախկին 100-ի փոխարեն:


 Մերի Մանուկյան