Լյուքսեմբուրգը սատարում է Հայաստանի եվրոպական ու ժողովրդավարական նկրտումներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

photo_2025-02-04_17-04-38

Պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատում՝ հանդիպելով վերջինիս նախագահ Կլոդ Վիզլերի հետ, հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման հարցում՝ զրուցակիցները կարեւորել են դրա հետագա խորացումը երկկողմ ամուր քաղաքական հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու տեսանկյունից:

Հատուկ անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող մի շարք հարցերի: Ալեն Սիմոնյանը կարեւորել է վիզաների ազատականացման երկխոսության պաշտոնական մեկնարկն ու ողջունել ԵՄ խորհրդի վերջին որոշումը՝ Հայաստանում քաղաքացիական առաքելության մանդատը եւս 2 տարով երկարաձգելու վերաբերյալ:

Կլոդ Վիզլերն իր հերթին նշել է, որ Լյուքսեմբուրգը սատարում է Հայաստանի եվրոպական ու ժողովրդավարական նկրտումներին ու պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ ճանապարհին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ խաղաղության պայմանագրին, տարածաշրջանային զարգացումներին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

--00—ՅՄ