Համահայկական հիմնադրամը դրամահավաքին զուգահեռ մոբիլիզացնում է իր համաշխարհային ցանցը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9,  24News

հիմնադրամ

Համահայկական դրամահավաքին զուգահեռ, որի շնորհիվ արդեն նվիրաբերվել է ավելի քան 85 մլն ԱՄՆ դոլար, Հիմնադրամը նաև մոբիլիզացնում է իր համաշխարհային ցանցը մարդասիրական օգնությունը Հայաստան հասցնելու համար։ 

Նվիրված  բարերարների շնորհիվ ԱՄՆ-ում գործող Հայաստան hիմնադրամը կազմակերպել է մարդասիրական օգնության համար նախատեսված չարթերային չվերթ Լոս Անջելեսից դեպի Երևան, որի շնորհիվ հատուկ բեռնատար օդանավով հայրենիք են հասնելու մի քանի տոննա դեղորայք, վիրաբուժական և բժշկական սարքավորումներ, մարդասիրական այլ օգնություն։

Համահայկական հիմնադրամի և նրա մեծահոգի բարերարների ջանքերի շնորհիվ արդեն մոտ օրերս երկրորդ բեռնափոխադրող օդանավը կժամանի Երևան՝ կրկին տեղ հասցնելով անհրաժեշտ բժշկական և մարդասիրական օգնություն։

Հայաստան է ժամանելու նաև բժշկական անձնակազմ, այդ թվում վնասվածքաբան-վիրաբույժներ իրենց տեղացի գործընկերների հետ միասին անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու համար։

Բեռնափոխադրումը և առաջին ահրաժեշտության բժշկական անձնակազմի ներգրավումը կազմակերպելուց բացի, ԱՄՆ-ի Հայաստան Հիմնադրամի ջանքերի շնորհիվ հավելյալ 21մլն ԱՄՆ դոլարի նվիրատվություն է հավաքագրվել և փոխանցվել հայրենիք։



Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ