ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում սկսված նախագահական ընտրությունների արդյունքներին սպասում են բոլորը: Թուրքիայում այն նույնպես դասվել է օրակարգային հարցերի շարքին, և մի շարք փորձագետներ փորձում են մեկնաբանել, թե ինչպիսին կլինի քաղաքական ապագան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թուրք քաղաքագետ Քուրշադ Զորլուն նույնպես հայտնել է իր տեսակետը. Բայդենի հաղթանակն, ըստ նրա, այնքան էլ նպաստավոր չէ Թուրքիայի և Ադրբեջանի համար:
Ըստ Զորլուի՝ «եթե ձայների հաշվարկն ընթանա ի օգուտ Բայդենի, ապա նոր նախագահի սեղանին կհայտնվեն մի շարք հարցեր, որոնք սերտ առնչություն ունեն Թուրքիայի հետ: Դրանցից մեկը Լեռնային Ղարաբաղի հարցն է»:
Քուրշադ Զորլուն նշում է, որ հայկական համայնքը Բայդենից սպասում է 5 կարևոր քայլի իրականացում, որոնք նաև տեղ են գտել նրա նախընտրական քարոզարշավում:
Դրանք են՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը, Լեռնային Ղարաբաղում հակամարտության դադարեցումը, ինչպես նաև այնտեղ դիտորդների ուղարկումը հրադադարի ռեժիմը վերահսկելու համար, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ ակտիվ ներգրավվածությունը գործընթացում, Հայաստանին տրամադրվող օգնության ավելացումը և Ադրբեջանին աջակցության սահմանափակումը:
Որպես վերջաբան, Քուրշադ Զորլուն կարծիք է հայտնում, թե «Բաքուն պետք է ակտիվացնի իր քայլերը Լեռնային Ղարաբաղի հարցում իր նպատակին արագ հասնելու, քանի որ հակառակ դեպքում Բայդենը կարող է լուրջ խոչընդոտ դառնալ Ադրբեջանի և Թուրքիայի համար»:
Բայդենի քաղաքական անցյալը լի է հայամետ գործունեությամբ: Նա մեծ ջանքեր է ներդրել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց Ցեղասպանության ճանաչմանը ուղղությամբ: Այս տարվա ապրիլի 24-ին նա կոչ է արել ամբողջությամբ ճանաչել Հայոց ցեղասպանությունը և խոստացել աջակցություն այս հարցում:
Բայդենը Արցախյան հակամարտության վերաբերյալ հայտարարել է. «Մեկամսյա ռազմական գործողություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վաղուց պետք է սկսեր բանակցային գործընթացը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հետ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանական առաջխաղացումը կանխելու համար»: Ավելի ուշ նա նշել էր. «Թրամփը Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված լարվածությունը թուլացնելու համար պետք է զանգահարի այդ երկրների ղեկավարներին, ինչպես նաև պահանջի, որ Թուրքիայի նման երկրները չխառնվեն հակամարտությանը»: