ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News
Ռուսաստանը՝ իբրև երկիր, որն իր վրա է վերցրել Հայաստանի և Ադրբեջանի միջև զինադադարի պահպանման պատասխանատվությունը, պետք է լուծի այս խնդիրն ու պատասխանի Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքում զորքերի տեղակայման փաստին։ Այս մասին 24TV-ի «Позиция с Серобом Оганяном» հաղորդման ժամանակ ասել է Իսրայելի հատուկ ծառայություններից մեկի նախկին ղեկավար, հայտնի վերլուծաբան Յակով Կեդմին։
«Եթե ՌԴ-ն կատարում է իր պարտականությունները, պետք է հասնի նրան, որ թե՛ հայկական, և թե՛ ադրբեջանական զինված ուժերը վերադառնան այն դիրքերին, որոնք համապատասխանում են նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրին։ ՌԴ-ն ոչ միայն պատասխանատու է Հայաստանի տարածքային ամբողջականության, այլ այն եռակողմ համաձայնագրի համար, որի շնորհիվ դադարեցվել են ռազմական գործողությունները։ Հակառակ դեպքում զինադադարը կորցնում է իր իմաստը», - ասել է նա։
Անդրադառնալով Հայաստանում առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ Կեդմին նշել է, որ կհաղթի այն ուժը, որն «ավելի կազմակերպված է և ունի շատ փող»։
«Իրավիճակի հանգուցալուծումը կախված է ոչ թե մրցակիցների գաղափարախոսությունից, այլ ձայների քանակից։ Իսկ ընտրազանգվածը հնարավոր է մոբիլիզացնել միայն փողի գրագետ օգտագործման հետևանքով», - նկատել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում