ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է հրապարակել, որոնցից պարզ է դառնում՝ ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը Հայաստանում է;
«Ուրախ ենք Հայաստանում ողջունել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին։ Նա կհանդիպի կառավարության, քաղաքացիական հասարակության ու գործարար դաշտի առաջնորդների հետ՝ քննարկելու երկկողմ առաջնահերթությունները և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերը»,- նշված է լուսանկարներին կից։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հունիսի 6-13-ը կայցելի Թբիլիսի (Վրաստան), Բաքու (Ադրբեջան) և Երևան (Հայաստան)՝ երկկողմ և տարածաշրջանային առաջնահերթությունների խթանման և տարածաշրջանի ժողովրդավարական ու տնտեսական զարգացման հարցերում ԱՄՆ աջակցությունն արտահայտելու նպատակով։
Հայաստանում և Ադրբեջանում փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ռիքերը կհանդիպի կառավարության, քաղաքացիական հասարակության ու գործարար դաշտի առաջնորդների հետ՝ քննարկելու երկկողմ առաջնահերթությունները և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերը։
--00--ԱԹ